fbpx

Հարստանում են մի խումբ մարդիկ, իսկ ժողովրդին մնում են ապականված ջրերն ու հողերը. Ռուբեն Ջրբաշյան (տեսանյութ)

 

Դեռ մինչ խորհրդային տարիները, դրսում փայլուն կրթություն ստացած երիտասարդ երկրաբաններ եկան Հայաստան և դրեցին դասական երկրաբանության հիմքը։ Նրանց  թվում էր ԵՊՀ  երկրաբանության ֆակուլտետի հիմնադիր, Փարիզի Սորբոնի համալսարանում ուսանած Տիգրան Ջրբաշյանը։

«Այդ փայլուն մասնագետները ստեղծեցին երկրաբանական կառույցներ, գիտություն, որը հեշտությամբ փլուզեցինք հետխորհրդային տարիներին»,- ցավով փաստում է ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը։ «Դասական երկրաբանությունը՝ որ ես եմ սովորել՝ բոլորովին փոխվել է, դաշտից տեղափոխվեց սենյակներ, լաբորատորիաներ: Մենք ամիսներով վրաններում էինք ապրում: Այսօր գիտական սարքավորումների ժամանակն է, որը, սակայն թանկ հաճույք է: Կա այս սարքավորումները ձեռքբերելու խնդիր: Եվ այս խնդիրը շատ է խանգարում երկրաբանական ուսումնասիրություններում նոր ժամանակներին համընթաց քայլել: Ունենք լավ կադրեր, սակայն չունենք ժամանակակից բազա»:

 

Հանքավայրը պատրաստելը և հանքավայր շահագործելը հեշտ գործ չէ: Այսօր, որ այսքան հանքավայրեր կան, հիմնականում՝ նախկին տարիներին երկրաբանական աշխատանքների արդյունքն է, որոնց նյութերը պահվում են երկրաբանական ֆոնդերում և հիմնականում այդ նյութերն օգտագործելով են բացում հանքավայրը, և  անգամ գումար չեն ներդնում՝ գոնե պաշարները հաշվելու համար:

Հանքավայրը բացելուց հետո պարզվում է, որ պաշարները չնչին են և մի որոշ ժամանակ շահագործելուց հետո հանքավայրը փակվում է: Արդյունքում հարստանում են մի խումբ մարդիկ, իսկ ժողովրդին մնում են ապականված ջրերն ու հողերը:

Հանքավայրը շահագործելուց հետո պետք է կարողանալ նաև վերականգնել այն, որը նույնպես մեծ գումարների հետ է կապված:

«Բնապահպանություն ասածը՝ հարուստ երկրները կարող են իրենց թույլ տալ, -ասում է պարոն Ջրբաշյանը: Ոչ զարգացած երկրները մեծ գումարներ չեն կարողանում տրամադրել և ստացվում է, որ միայն բարբարոսաբար օգտագործում ենք:

«Մոտակա պատերազմները կլինեն ոչ թե նավթի ու ոսկու՝ այլ ջրի համար: Մենք ունենք ջրի պաշարներ, սակայն չունենք հեռատեսություն»,- ասում է հայտնի, վաստակաշատ երկրաբանը:

 

Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի և հայ ժողովրդի գոյատևման համար է։  Կա օրենք, որը թույլ չի տալիս Սևանի ավազանում երկրաբանական որևէ աշխատանք իրականացնել, սակայն նույնիսկ օրենքն է անտեսվում»,- հավելում է երկրաբանը։

«Վերջին տարիներին ո՞ւմ են խորհրդական նշանակում՝ չգիտեմ»,-հռետորական հարց է բարձրացնում  պարոն Ջրբաշյանը։ Մտավորականը  սակայն համոզված է, որ այդ խորհրդականները առաջին հերթին ազգասեր պետք է լինեն, գիտելիք ունենան, զարգացած լինեն:

 

 

Be the first to comment on "Հարստանում են մի խումբ մարդիկ, իսկ ժողովրդին մնում են ապականված ջրերն ու հողերը. Ռուբեն Ջրբաշյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*