Ո՞վ ասաց, որ կեղտոտ ապրելը, բռնության մեջ ապրելը մեր ազգային արժեքն են

 

Մեր զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

Պարոն Բաբայան, ՀՀ վարչապետն առաջարկել է ուժային կառույցների մի շարք աշխատակիցների գեներալի կոչումներ շնորհել, որոնց թվում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ինչպե՞ս եք գնահատում սա, նախկին ավանդույթի շարունակությո՞ւնն է, թե՞ իսկապես նրանք այս մեկ տարվա ընթացքում աշխատանք են կատարել և հիմա ըստ արժանվույն գնահատվում են։

Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մի քանի տարի առաջ վիճակագրական տվյալներ էին հրապարակվել, և պարզվել էր, որ ՀՀ-ում գեներալների թիվը մի քանի անգամ ավելի է, քան ԱՄՆ-ում։ Ես գիտեմ, որ զինվորականները երեխաների պես են ու շատ են սիրում շքանշաններ ու կոչումներ ստանալ, բայց ես դժվարանում եմ ասել, թե ինչ արժանիքների համար են մարդկանց կոչումներ տալիս։ Ես մեր ասպարեզից կասեմ, որ արվեստի ոլորտում կոչումներ չպետք է լինեն միանշանակ։

 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի գործունեությունը այս մեկ տարվա ընթացքում։

Ոստիկանությունում, իհարկե, կաշառք չվերցնելու տեսակետից, որոշակի առաջընթաց կա, իսկ գործ անելու տեսակետից կարծում եմ, ոչ, առավելևս այնտեղ, ինչը կապված է երթևեկության կանոնների հետ։ Այստեղ որևէ առաջընթաց չկա։ ԱԱԾ-ն, կարծում եմ, ժամանակ առ ժամանակ պետք է բացահայտի օտարերկրյա լրտեսներին, որոնք Հայաստանում կան, չեն կարող չլինել։ Եթե չեմ սխալվում, այս ժամանակաընթացքում մենք միակողմանի ենք տեսել ԱԱԾ-ի գործունեությունը, որն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարին։ Կարծում եմ, որ ԱԱԾ-ի գործունեությունն ավելի լայն պետք է լինի, քան կոռուպցիայի դեմ պայքարը, չնայած շատ եմ կարևորում կոռուպցիայի դեմ պայքարը։ Ինքս աշխատում եմ ինձ այդ երկու կառույցներից հեռու պահել, ու դա հին, լավ ավանդույթ է իմ կենսագրության մեջ։

Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե մեզ մոտ պետք է քրեական ենթամշակույթն արմատախիլ արվի։ Որքանո՞վ է այդ ենթամշակույթը հաղթահարվել այս մեկ տարվա ընթացքում։

 

Քրեական ենթամշակույթը շատ է արմատացած մեր հասարակության մեջ։ Սա հին ավանդույթ է՝ գողական կանոններով, գողական հեղինակություններով ապրելը։ «Գործ տալ» հասկացությունն էլ գալիս է այդտեղից։ Կարծում եմ՝ թիրախը ճիշտ է ընտրված, բայց խնդիրն այն է, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել։ Երևի պետք է պայքարել օրենքների խստությամբ, բայց դա շատ անբավարար միջոց է։ Ի՞նչ է նշանակում  գողական ենթագիտակցություն, կարծեմ դա նշանակում է արժեքային համակարգ։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ բանի դեմ պայքարել, մենք պետք է ուրիշ արժեքային համակարգ առաջարկենք։ Այստեղ կարևոր է, թե ինչ արժեքային համակարգ ենք փորձում առաջարկել՝ հանդուրժողականություն, մարդու իրավունքներ, մարդը որպես վերին բարձրագույն արժե՞ք, թե՞ մենք ունենք ուրիշ արժեքներ։ Մինչև մենք չորոշենք, թե որն է մեր արժեքային համակարգը, մենք չենք որոշի, թե որն է մեր քաղաքակրթական տեղը։ Իսկ մինչև դա չորոշենք, բոլոր խոսակցությունները, թե եկեք հրաժարվենք գողական արժեքային համակարգից, կարծում եմ, ամեն ինչ կվերջանա միայն քարոզով։

Սա լուրջ խնդիր է, որը կապված է և մշակույթի հետ, և կրթության հետ, և ընդհանուր քաղաքական լեքսիկոնի հետ, որ կիրառում են մեր պետական այրերը։ Շատ հաճախ, փորձելով իրար ոչնչացնել, իրենք չեն հասկանում, որ ոչնչացնում են արժեքային համակարգը և իրականում պրոպագանդում են հենց գողական համակարգը։ Կա մի շատ տարածված արտահայտություն, որն օգտագործում են բոլորը՝ հանգիստ նստեք տեղներդ։ Սա արժեքային համակարգ է, սա սպառնալիք է։ Այն արժեքային համակարգը, որ ես կուզենայի ունենայինք, դա բացառում է սպառնալիքը։ Համոզմունք՝ այո, վեճ՝ այո, անհամաձայնություն՝ այո, բայց ոչ երբեք սպառնալիք։ Վախով երբեք որևէ բանի հասնել չի կարելի։ Վախի  ազդեցության տակ ոչ ոք իր կարծիքը չի փոխում։ Ավելին, սեփական տեսակետը թաքցնում են և փնտրում են առիթ, որտեղ կարող են իրենց կարծիքն օգտագործել։ Վախը չի փոխում սեփական տեսակետը, այն պարզապես ավելի խորն է թաքցնում այդ տեսակետը և առաջարկում է ընտրել ուրիշ ձևեր։ Վախն անարդյունավետ է։

 

Ընտանիքը ևս չպետք է վախի վրա կառուցված լինի, որ կինը պետք է վախենա ամուսնուց։  Հաճախակի հակառակ պատկերն ենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ առողջ ընտանիք է ստեղծվում։ Առողջ ընտանիքը իրար նկատմամբ հարգանքի վրա է կառուցված, որքան էլ տարբեր լինեն տեսակետները։ Նույնը հասարակության մեջ է, նույն սկզբունքներն են աշխատում։ Պետք է հանդուրժողականություն ու հարգանք լինի, հակառակ դեպքում մենք բերում ենք ինչ-որ միջնադարյան հասկացողություններ, ու ասում ենք՝ սա մեր ավանդական արժեքային համակարգն է։ Ո՞վ ասաց, որ կեղտոտ ապրելը, բռնության մեջ ապրելը մեր ազգային արժեքն են։ Մշակույթն է թելադրում իրար հետ վարվելու ձևը, ոչ թե քրեական օրենսգիրքը։ Մենք այդպես ոչ մի բանի չենք հասնի, մենք չենք կարող ամեն մի փողոցում թքողի հետևից մարդ ուղարկել։ Սա մշակույթի, դաստիարակության հարց է։ Սա վախեցնելու, տուգանելու հարց չի կարող լինել։ Եթե ես թքող եմ, չորս կողմս կնայեմ, կտեսնեմ ոստիկան չկա ու կթքեմ։ Մարդը պետք է  քաղաքակիրթ ապրի ոչ վախենալու արդյունքում, այլ որովհետև դա իր բնական պահանջը պետք է լինի։

Ո՞վ ասաց, որ կեղտոտ ապրելը, բռնության մեջ ապրելը մեր ազգային արժեքն են

Be the first to comment on "Ո՞վ ասաց, որ կեղտոտ ապրելը, բռնության մեջ ապրելը մեր ազգային արժեքն են"

Leave a comment

Your email address will not be published.


*