«Ինչո՞ւ տեսչության պետն ինքն իրեն, նախարարին և վարչապետին չի տուգանում»,- Վահե Տեր-Մինասյան

 

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը հեռուստատեսությամբ «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ հարցազրույց տալու համար ենթարկվել է 250 հազար դրամի չափով վարչական տույժի։

 

Կառավարությանն առընթեր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մայիսի 29-ին Տեր-Մինասյանին է ուղարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որտեղ նշված է, թե բժիշկը, եթերում խոսելով պատվաստանյութի մասին, խախտել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը։

 

 
«Դեղերի մասին» օրենք, գլուխ 8, հոդված 27, կետ 5
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է:
 

«Գարդասիլն» ընդգրկված է Հայաստանում գրանցված դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում, չնայած նրան, որ այդ դեղը հնարավոր չէ գնել որևէ դեղատնից և որևէ բժիշկ «Գարդասիլի» դեղատոմս դուրս չի գրում։

«Հեռանկար» հեռուստահաղորդման ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցերին, Վահե Տեր-Մինասյանը պատմում է, թե որ թվականից և քանի երկրում է կիրառվում «Գարդասիլը»։ Այնուհետև խոսում է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ երկու տարբեր ընկերությունների արտադրած պատվաստանյութերի և դրանց տարբերությունների վերաբերյալ։ Հաղորդման ընթացքում բժիշկը տեղեկացնում է նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման երկու մեխանիզմների՝ սքրինինգային ծրագրերի և պատվաստումների մասին։ Խոսվում է նաև պապիլոմա վիրուսի փոխանցման ճանապարհից, և թե ինչու տղամարդիկ նույնպես պետք է պատվաստվեն։ Հաղորդման վերջում Վահե Տեր-Մինասյանը եզրափակում է, որ ինքը և իր հեղինակած հաղորդաշարը շարունակելու են գովազդել պատվաստումների անհրաժեշտությունը։ Ավելին՝ ամեն շաբաթ իր հաղորդման ընթացքում ինքը հայտնելու է, թե քանի հոգի են պատվաստվել «Գարդասիլով»։

Տեր-Մինասյանի հենց այս եզրափակիչ միտքն էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համարել է օրենքի խախտում, այսինքն՝ տեղեկության տրամադրում «Գարդասիլի» վերաբերյալ։

 

«Այդ դեպքում ինչո՞ւ տեսչական մարմնի ղեկավարն ինքն իրեն, պատգամավորներին, առողջապահության նախարարին, վարչապետին, վարչապետի տիկնոջը տույժի չի ենթարկում։ Չէ՞ որ նրանք բոլորը եթերով տեղեկություն են տրամադրել «Գարդասիլի» մասին։ Այդ հաղորդումից հետո Ազգային ժողովում եղել է մի քննարկում, որին ես էլ եմ մասնակցել, որին մասնակցել է այդ նույն տեսչության պետն՝ իր տեղակալի հետ։ Իրենք շատ ակտիվ այնտեղ խոսում էին «Գարդասիլի» մասին։ Այնտեղ կային լրատվամիջոցներ, ամբողջ ընթացքը ուղիղ եթեր է գնացել, և իրենք (տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը, խմբ․) տեղեկատվություն էին տրամադրում «Գարդասիլի» մասին։ Հիմա ինչո՞ւ իրենք իրենց չեն տուգանում»,- ասում է Վահե Տեր-Մինասյանը։

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն այս պնդմանը պատասխանում է․ «Եթե բժշկի կողմից կա նմանատիպ բողոք, գանգատ, դիմում, որ տեսչական մարմնի ղեկավարը և ղեկավարի տեղակալը նույնպես բարձրաձայնում են «Գարդասիլի» հետ կապված․․․ քննարկումներ է եղել, սիրով կընդունենք իր դիմում-բողոքը՝ որպես վարույթի հիմք, կիրականացնենք վարույթ, կպարզենք։ Մենք ինքներս մեր վրա կկարողանանք այդ վարույթը հարուցել, բայց պարտադիր պետք է, որ դիմում-բողոքը լինի բժշկի կողմից, որովհետև ինքը նույնպես ներառված է եղել ԱԺ քննարկումներին։ Օբյեկտիվությունը պահպանելու համար կխնդրենք, որ ինքը դիմում-բողոքը ներկայացնի և՛ իր, և՛ պետի, և՛ բոլոր նրանց մասին, ովքեր քննարկումների ժամանակ մասնակցել են պատվաստանյութի խոսակցությանը։ Ցանկացած այլ անձի հետ կապված էլ, եթե բժիշկը դիմում-բողոք ներկայացնի, մենք կաշկանդված չենք, կիրականացնենք վարչարարությունը»,- պատասխանում է Էդգար Խուրշուդյանը։

Հարցին, թե արդյոք տեսչական մարմնի ղեկավարը քննարկման ընթացքում «Գարդասիլ» դեղանյութի մասին խոսելիս գիտակցո՞ւմ էր, որ օրենք է խախտում, Խուրշուդյանը պատասխանեց, որ այդ մասին մանրամասն մեկնաբանություն չի ուզում տալ, որ հնարավորություն չտա ներկայացվելիք դիմում-բողոքի բովանդակությունը փոխելու։

«Այն, ինչ մենք ԱԺ-ում քննարկել ենք, դրա հիմնավորումը մենք կկարողանանք տալ»,- ավելացրեց տեսչական մարմնի ղեկավարը։

Մինչ խնդրի հրապարակայնացնելը՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել գործի քննություն, որին ներկա են եղել տեսչական մարմնի ղեկավարությունը և Վահե Տեր-Մինասյանն ու նրա փաստաբանը։

«Քննարկել ենք բավականին հանգիստ, ջերմ մթնոլորտում։ Ես չեմ թաքցնում, որ ես տեսչությունում ունեմ մարդիկ, որոնց համարում եմ իմ ընկերները, և շատ ցավ եմ ապրում, որ երևի իրենց ձայնը որոշիչ չէ։ Իրենք ասացին, որ իրենք մի անգամ էլ կմտածեն, կխորհրդակցեն։ Մենք զգուշացրինք, որ մի արեք նման բան, որովհետև մենք ստիպված ենք լիելու դրա դեմ պայքարել։ Մարդիկ մի քանի օր հետո որոշեցին, և ես պաշտոնական ծանուցումը ստացա»,- պատմում է բժիշկը։

Էդգար Խուրշուդյանը ընդունում է, որ «Դեղերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ կետը լայն իմաստ ունի․ «տեղեկատվության տարածում» ձևակերպման տակ կարելի է հասկանալ դեղանյութի մասին թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքի արտահայտումը։ Տեսչական մարմնի ղեկավարը նշում է, սակայն, որ Վահե Տեր-Մինասյանի կողմից օրենքը խախտելու վերաբերյալ եզրակացությանը եկել են բոլոր կողմերին լսելուց հետո։

 

«Նույնիսկ հաղորդավարն իրեն հղում է տալիս, որ չէ՞ որ մենք հիմա գովազդում ենք ոչ այնքան․․․ Այսինքն՝ հստակ այդ դեղին հղում չի արվել, բայց հաղորդավարը ևս գիտակցել է, որ դեղի գովազդով է զբաղվում տվյալ ժամանակահատվածում՝ փորձելով ուղղորդել, որ գովազդ չլինի»,- ասում է Խուրշուդյանը։

«Հեռանկար» հաղորդման հաղորդավար Արամ Աբրահամյանը, ով վարույթի քննարկումներին հրավիրված չի եղել, «Հետքի» հետ զրույցում պնդեց, որ ինքը ոչ թե գիտակցել է, որ տվյալ պահին գովազդ են անում, այլ հեգնել է այն երևույթը, որ Վահե Տեր-Մինասյանին կշտամբում են՝ «Գարդասիլը» գովազդելու համար։

 

«Կոնտեքստը հետևյալն էր․ նա (Վահե Տեր-Մինասյանն) իր հաղորդման ընթացքում, որը կոչվում է «Մի վնասիր», արդեն այդ թեմայով խոսել էր, իրեն արդեն իսկ կշտամբել էին, որ գովազդում է։ Ես հեգնանքով ասացի՝ կարո՞ղ է հիմա էլ ենք գովազդում, դա չի նշանակում, որ ես կարծում եմ, թե ինքը գովազդում է։ Եթե ես ասեմ՝ ամեն առավոտ մածուն կերեք, ես այդ մածունը գովազդո՞ւմ եմ։ Որքան գիտեմ այդ դեղն անվճար է պատվաստվում, այնտեղ բիզնես չկա, չեմ կարծում, որ գովազդ է, չնայած՝ դրա մասնագետը չեմ»,- պարզաբանում է Արամ Աբրահամյանը։

Վահե Տեր-Մինասյանի պնդմամբ՝ վարչական տույժի կիրառումը իր խոսքի ազատության սահմանափակում է և անձնական բնույթ ունի, քանի որ պապիլոմա վիրուսի կանխարգելման ճանապարհների վերաբերյալ իր և տեսչական մարմնի ղեկավարության տեսակետները տարբերվում են։

«Իրենք իմ բերանն են փակում, իրենք թույլ չեն տալիս, որ ես իմ մասնագիտական կարծիքը հայտնեմ»,- ասում է Վահե Տեր-Մինասյանը։

Էդգար Խուրշուդյանն էլ հակադարձում է, թե անձնական բնույթի լինել չէր կարող, քանի որ վարույթի հիմք է հանդիսացել քաղաքացու դիմումը, իսկ իրենք աշխատում են ընթացք տալ գրեթե բոլոր դիմումներին՝ բացթողումներից խուսափելու համար։

Վահե Տեր-Մինասյանի դեմ վարույթի հիմքում Մարինա Խաչատրյանի դիմումն է։ «Հետքն» ապրիլի 16-ին հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ «նիհարեցնող բնական միջոցներ» անվան տակ Հայաստանում ազատորեն վաճառվում են արգելված դեղանյութ պարունակող հավելումներ: Բացի հրապարակումից՝ դիմել էինք նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ տեղեկացնելով արգելված դեղանյութ պարունակող կապսուլաների վաճառքի մասին և հարցրել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ապօրինի վաճառքը կանխելու և դրա մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ի պատասխան մեր դիմումի՝ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը նշել էր, որ հավելումների վերահսկողությունը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում է։ Նշենք, սակայն, որ գրավոր դիմումի մեջ հստակ նշել էինք, որ հավելումները պարունակում են սիբուտրամին տեսակի դեղամիջոցներ։

Տեսչական մարմինն ընթացք է տվել պետական ծրագրով իրացվող դեղերի մասին «տեղեկություն տարածելու» դեմ դիմումին, բայց իր լիազորություններից դուրս է համարում արգելված դեղանյութ պարունակող հավելումների վաճառքի մասին դիմումը և լրագրողական հետաքննությունը։

Այս դիտարկմանը տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը պատասխանեց, որ նշված հավելումների վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, այդ է պատճառը, որ ուղղորդել են դիմումն այնտեղ՝ հույս ունենալով, որ նրանք կվերցնեն փորձանմուշները դեղատներից, կուղարկեն փորձաքննության։ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը մինչ օրս որևէ գործողություն չի իրականացրել։

https://hetq.am/hy/article/104683

Be the first to comment on "«Ինչո՞ւ տեսչության պետն ինքն իրեն, նախարարին և վարչապետին չի տուգանում»,- Վահե Տեր-Մինասյան"

Leave a comment

Your email address will not be published.


*