Մոսկվան իջեցրեց Քոչարյանի կարգավիճակը. Սերժ Սարգսյանն առաջինն էր մատնել

 

Armtimes.com-ը տեղեկություն է տարածել Մարտի 1-ի գործով եղած մի փաստաթղթի մասին, որն օտարալեզու է եւ փաստացի հանձնարարական, թե ինչ պետք է անել հանրության ու ընդդիմության դեմ: Կայքը հայտնել էր նաեւ տեղեկության մասին, որ 11 տարի առաջ մարտիմեկյան օրերին Երեւանում են եղել նաեւ արտերկրից ուժային հատուկ մասնագետներ, որոնք գաղտնի գտնվել են կառավարության նիստերի դահլիճում:

 

Թեեւ տեղեկության մեջ չի նշվում, թե ինչ օտար լեզվի կամ որ երկրի մասնագետների մասին է խոսքը, սակայն հանրության գերակշռող մեծամասնությունը կարող է մտածել Ռուսաստանի մասին, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Մարտի 1-ից մի քանի օր անց Սերժ Սարգսյանն այցելելով Մոսկվա՝ ՌԴ նախագահ Պուտինին շնորհակալություն հայտնեց նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար:

Փաստացի, Սերժ Սարգսյանը «մատնեց» Պուտինին: Գուցե նաեւ դրա համար Պուտինը չներեց ու չվստահեց նրան երբեք:

Դա իհարկե որպես ենթադրություն, որովհետեւ չկա որեւէ փաստական ապացույց, որ Մարտի 1-ին որեւէ ներգրավում է ունեցել Ռուսաստանը: Մյուս կողմից, շատերը կարող են հարցնել՝ չկա՞, թե՞ պարզապես նպատակահարմար չի համարվում դրանք հանել մեջտեղ:

Բոլոր դեպքերում, կայքում հրապարակված տեղեկությունը, զուգորդվելով 10 սպանություններից առնվազն մեկի համար ձերբակալված եւ մեղադրանք ներկայացված անձի մասին օրերս տարածված տեղեկությանը, մարտիմեկյան գործի շուրջ ստեղծում է նոր իրավիճակ:

Հայտնի է, որ Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեղադրանք է ներկայացվել այն ժամանակ Ներքին զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին: Նա չի ընդունում մեղադրանքը: ՀՔԾ պետը հայտարարել է, թե ապացույցների համակցությունը բավարար է մեղադրանք ներկայացնելու համար:

 

Ո՞վ է կրակել Մարտի 1-ին, դեռեւս ազատազարկման մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը հարցնում էր դատարանում, երբ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ քննվում էր նրա խափանման միջոցի փոփոխության հարցը: Նույն հարցը նաեւ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին էր տալիս լրագրողներին, ասելով, որ զոհերի հարազատներից հետո երկրորդ տուժողը փաստացի իրենք են: Նա թերեւս նկատի ունի այն, որ հանրության մի մեծ մասի մտապատկերում Քոչարյանի վրա է սպանության պատասխանատվությունը:

Կփոխի՞ այդ պատկերը Գեղամ Պետրոսյանի գործը: Իսկ օտարալեզու հանձնարարականի հանգամա՞նքը: Ուշագրավ է, որ այդ տեղեկատվությանը զուգահեռ եղել է ՌԴ դեսպանի ու Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ տետ ա տետ: Այսինքն, ոչ ոք չգիտե, թե նրանք ինչ են խոսել: Եթե իհարկե ոչ ոք չի գաղտնալսել այդ խոսակցությունը:

 

Հանդիպումից մեկ օր անց ՌԴ դեսպանատունը տարածեց հայտարարություն, ասելով, որ երկրորդ նախագահին հանդիպել է ընդամենը հասարակական-քաղաքական գործիչների եւ գործարարների հետ հանդիպումների շարքի շրջանակում: Այլ կերպ ասած, ՌԴ դեսպանատունը հայտարարեց, որ դեսպանը Ռոբերտ Քոչարյանին հանդիպել է որպես «շարքային ընդդիմադրի», ինչպես 2007-ին Ռոբերտ Քոչարյանն էր նախագահական բարձունքից ասել քաղաքականություն վերադարձող առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մասին:

Ինչու՞ է ՌԴ դեսպանատունը «նվազեցրել» երկրորդ նախագահի քաղաքական «կարգավիճակը»: Արդյոք դեսպանի հետ խոսակցությանը եղել է անդրադարձ մարտիմեկյան թեմային եւ «օտարալեզու փաստաթղթին»: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ իմաստով խիստ հատկանշական մի հայտարարություն էր արել 2011-ի իր հարցազրույցներից մեկում, երբ սկսել էին երկխոսել Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա թափանցիկ ակնարկել էր Մարտի 1-ին «երրորդ ձեռքի» հնարավորության մասին, ասելով, թե ուշադրության է արժանի այն, որ սպանությունները կատարվել են հատվածներում, որոնք չեն վերահսկել թե ընդդիմությունը, թե իշխանությունը:

Իսկ ո՞վ է վերահսկել, օրինակ, սպանություններից մեկի համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին:

Մոսկվան իջեցրեց Քոչարյանի կարգավիճակը. Սերժ Սարգսյանն առաջինն էր մատնել

Be the first to comment on "Մոսկվան իջեցրեց Քոչարյանի կարգավիճակը. Սերժ Սարգսյանն առաջինն էր մատնել"

Leave a comment

Your email address will not be published.


*