fbpx

«Նույնիսկ խանութում եմ աշխատել, վաճառող եմ աշխատել թատրոնին զուգահեռ. ես ամեն ինչ անում էի, որ մերոնք նեղություն չզգային»

 

Բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի մանկության երազանքը դերասան դառնալը չի եղել, ավագ եղբայրն է նկատել իր դերասանական շնորհն ու տարել կրթության «Հինգերորդ դասարանի աշակերտ էի, մեծ եղբայրս թեւիցս բռնեց ու տարավ Երեւանում նոր  բացված դպրոցականների գեղարվեստական դաստիարակության տուն, ասաց՝ եղբայրս է, իմ կարծիքով, շատ տաղանդավոր երեխա է, վերցրեք, կարծում եմ՝ շատ տաղանդավոր դերասան կդառնա:

 

Այնտեղ էր Լեւոն Թուխիկյանը, (խմբ.՝ դերասան, ռեժիսոր), նրա կինը, Տիգրան Մխիթարյանը (խմբ.՝ դերասան), նկարիչ Էդուարդ Խարազյանը եւ ուրիշներ… ավելի շուտ պրոֆեսիոնալ թատրոնն ինքն ինձ մոտ եկավ, քան ես կհասցնեի մտածել դրա մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթ Հակոբյանը:

Դպրոցն ավարտելուց հետո նա  դիմեց թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, այդ տարին դերասանի մասնագիտությունը խիստ մոդայիկ էր. «Մեկ տեղի համար հսկայական մրցույթ էր: Իմ ընդունվելու տարին ռեժիսորական բաժին պետք է ընդունվեր վեց հոգի, բայց հարյուրից ավելի դիմում կար, իսկ դերասանական բաժնում՝ երեք հարյուր: Այդ տարին այնքան մոդայիկ էր դերասանի մասնագիտությունը, որ մեր ընդունելության քննությունները այլ բուհերի քննություններից մեկ ամիս շուտ էին սկսվում, որ ովքեր պատահական են եկել, ժամանակ ունենան իրենց գործերը տան այլ ինստիտուտներ: Առաջին տարին չընդունվեցի, կտրվեցի դերասանի վարպետություն առարկայից, քննական հանձնաժողովի նախագահը Վարդան Աճեմյանն էր:

Հաջորդ տարին Մարատ Մարինոսյանը՝ այն ժամանակ Հ. Պարոնյանի անվան թատրոնի ղեկավարն էր,  կուրս էր հավաքում, ես ընդունվեցի ու շատ հետաքրքիր կուրս էր հավաքվել՝ Արմեն էլբակյան, Միքայել Դովլաթյան, Վիգեն Չալդրանյան… Մինչեւ առաջին կուրսի վերջը ես ինձ չէի գտնում, մտածում էի՝ սխալ տեղ եմ եկել, ոչինչ չէր ստացվում, կոմպլեքսավորվել էի, մի օր Մարատ Մարինոսյանը, չգիտեմ՝ ինչ կոճակի կպավ ուղեղիս մեջ, թե հոգուս, ու ամեն ինչ փոխվեց. ինչ-որ առիթ էր, ես ծիծաղեցի, պտտվեց, զայրացավ՝ ինչ ես ծիծաղում, բեմ բարձրացիր, ես մեխանիկորեն մտա բեմ, հանձնարարություն տվեց, սկսիր, այս գործողությունն արա, մտա խաղի մեջ ու չգիտեմ՝ ինչ կատարվեց. այդ օրվանից ես պարապ օր չունեմ»:

Դերասանի խոսքով, Մարատ Մարինոսյանի ընկեր Հենրիկ Մալյանը միշտ իրենց քննություններին մասնակցում էր ու հենց այդ ժամանակ էլ նկատեց իրեն,  հրավիրեց իր թատրոն աշխատանքի: Դավիթ Հակոբյանը Մալյանի թատրոնի հիմնադրման մասնակիցներից էր, բայց թատրոնի բացմանը բանակում էր, հիշում է՝ այդ օրը շատ էր հուզվել, երբ բանակում ստացավ թատրոնից ուղարկված համար մեկ տոմսը:

Հենրիկ Մալյանի մահից հետո երկու տարի անց Դավիթ Հակոբյանը հեռացավ Մալյանի թատրոնից, ընկերների հետ ստեղծեց իր թատրոնը, այդտեղից էլ հեռացավ, իսկ 1992-ին միացավ Սոս Սարգսյանին ու մասնակցեց  Համազգային թատրոնի հիմնադրմանը: Իննսունականների հիշողություններն այսօր էլ դերասանին հուզում են. «Պատերազմ էր, սով էր, ամեն օր օպերայի հրապարակում զոհված տղերքի էինք ճանապարհում, սարսափելի ցուրտ էր, թատրոնները սկսել էին չգործել, մենք փորձերն անում էինք նավթի վառարանների շուրջ, գարդոններ էինք վառում, որ տաքանայինք… Հետո սկսեցին հովհարային  անջատումները, հիշում եմ, «Սանիտայի թաղապետն» էինք խաղում, Սոս Սարգսյանը գլխավոր դերում էր,   հոսանքն անջատվեց, բայց դահլիճում ոչ մի ձայնարկություն, բոլորի գրպաններում այդ տարիներին բատարեյկաներ կային, բոլորը վառեցին բատարեյկաներն ու ուղղեցին բեմի վրա, մենք էլ մոմեր դրեցինք ու շարունակեցինք ներկայացումը, դա անբացատրելի բան էր»:

Դավիթ Հակոբյանից հետաքրրքվեցինք՝ եղե՞լ են պահեր, երբ հիասթափվել է ու որոշել կանգ առնել կամ այլ աշխատանքի անցնել, ի պատասխան. «Ես շնորհակալ եմ իմ ընտանիքից, որ թույլ չտվեցին այդ զգացումն ապրեմ, որքան էլ նեղն էինք ու դժվար էր, նրանք չստիպեցին թատրոնից կտրվեմ: Ես ամեն ինչ անում էի, որ մերոնք նեղություն չզգային, նույնիսկ խանութում եմ աշխատել, վաճառող եմ աշխատել թատրոնին զուգահեռ, որ մերոնք նեղություն չզգան, որովհետեւ ամաչում էի ասել՝ մի խանգարեք ինձ, թույլ տվեք թատրոնում աշխատել, ու իմ ընտանիքն ինձ թույլ էր տալիս… Ինչին որ այսօր հասել եմ, նախ եւ առաջ իմ ընտանիքին եմ պարտական, որ նրանք այդքան համբերատար են եղել»:

Ինչո՞ւ համաձայնեց սերիալներում խաղալ

«Ի սկզբանե, երբեք դեմ չեմ եղել, որ պրոֆեսիոնալ դերասանները խաղան սերիալներում, բա ովքեր պետք է խաղան: «Սերիալներն անորակ են» այսպիսի հայտարարություններ անողները պետք է ամբողջ պրոդուկտը նայեն, ինչ է՝ բոլորը մեր թատրոնները հավանո՞ւմ են, բայց ինչու չեն ասում՝ անորակ են: Այո, համոզված եմ, որ սերիալներով էլ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, լավ դերասանները պետք է խաղան, լավ սցենարիստները պետք է աշխատեն, լավ ռեժիսորներ պետք է նկարեն, եւ մենք կունենանք այդ որակը»,- ասաց դերասանը: Դավիթ Հակոբյանն այժմ Գյումրու մասին նոր սերիալում է նկարվում, սերիալում խաղում է գյումրեցի վարպետի դերը. «Խաղում եմ հենց գյումրեցու բարբառով, լեզուների նկատմամբ ուշադիր եմ ու տիրապետում եմ, նույնիսկ անցած տարվա ամռանը մաքրամաքուր ֆրանսերենով ֆրանսիական ֆիլմում եմ նկարվել, սերիալը նկարահանման փուլում է, 25 մասից է լինելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/03/16/1029192/

© 1998 — 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://www.aravot.am/2019/03/16/1029192/

Be the first to comment on "«Նույնիսկ խանութում եմ աշխատել, վաճառող եմ աշխատել թատրոնին զուգահեռ. ես ամեն ինչ անում էի, որ մերոնք նեղություն չզգային»"

Leave a comment

Your email address will not be published.


*