fbpx

«Երեկոյան մեքենայով գալիս էի՝ պատկերացրեցի, որ երևի դժոխքի ճանապարհը ճիշտ նույն տեսքն ունի…»

 

Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

 

«Հասարակական կառույցները չպետք է դրվեին կոշտ կառուցապատման տակ: Այս սխալը մենք բազմիցս ենք բարձրաձայնել: Հիմնավոր կառույցները, որոնք սարքված են բետոնից, քարից՝ ունեն նկուղային մի քանի հարկեր, անթույլատրելի է: Եթե հիմա այս ամենը չապամոնտաժվի՝ հետագայում մեր աչքերի համար այն կդառնա սովորական, և այլևս չենք ուզենա այն, ինչ ցանկանում ենք: Յուրաքանչյուր քաղաք ունի իր գեղեցիկ վայրերը, պահպանվող գոտիները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ Օղակաձև զբոսայգու ամբողջ տարածքը, Զանգուի ձորը նույն վիճակում են, կառուցված են բարձրահարկ շենքեր:

 

«Այս բոլորը պետք է կարգի բերվի: Գնացե՛ք, նայեք Նյու Յորքի Կենտրոնական պարկը: Մեր քաղաքի կեսի չափ այգի է, մի հատ նման բան տեսնե՛ք, եկեք, ասեք: Մեր քաղաքում կանաչ տարածքները թույլատրելիության սահմաններից ցածր են արդեն: Սեփականատերերին բազմիցս ասվել է՝ չի կարելի անօրինական, բետոնե կառույցներ անել: Կարող էին փայտե հարթակներ տեղադրել: Իսկ Օպերայի շրջակայքը յուրահատուկ պահպանվող գոտի է, և կարծում եմ, որ Քաղաքապետարանը ճիշտ է անում: Աշխարհում օպերային շենքերի տարածքները հատուկ պահպանվող են, ու դա ցույց է տալիս նաև այդ երկրի մակարդակը, որը ունեինք»,- հավելեց Մկրտիչ Մինասյանը:

 

Ճարտարապես Հրաչիկ Պողոսյանը ևս համամիտ է՝ Օպերայի տարածքը պետք է մաքրվի:

«Ամենաթողությունը վերջին 30 տարում հասել է իր գագաթնակետին: Քաղաքը համաչափ չի զարգանում, բոլոր կանաչ տարածքները լցվում են սրճարաններով: Կանաչ տարածքները մարդկանց համար են, նախատեսված են հանգստի համար: Ավելին՝ ռեստորաններն ու սրճարանները մայթ են դուրս գալիս: Գնացե՛ք Բայրոնի փողոց, այնտեղ ընդհանրապես մայթ չկա:

 

Ինչ վերաբերում է Օպերայի տարածքին, իհարկե, այս սրճարանները պետք է վերանան, պետք է արվի մի նախագիծ, որն անցնի փորձաքննություն, ասեն՝ այստեղ ինչ է կարելի, ինչը՝ ոչ: Ամեն ինչ հեռանկարով պետք է արվի: Հիմա Օպերայի մասին ենք խոսում, բայց ամբողջ քաղաքը նույն վիճակում է: Պատկերացրեք՝ մարդը օդանավակայանից, Գառնիի ճանապարհից գալիս է՝ մի ահավոր տեսարան: Երեկոյան մեքենայով գալիս էի՝ պատկերացրեցի, որ երևի դժոխքի ճանապարհը ճիշտ նույն տեսքն ունի: Խայտառակություն է, մարդիկ սովորում են այս ամենին, չեն էլ մտածում, թե ինչու այսպես եղավ»,- նշեց Հրաչիկ Պողոսյանը:

 

Անի Կարապետյան

«Երեկոյան մեքենայով գալիս էի՝ պատկերացրեցի, որ երևի դժոխքի ճանապարհը ճիշտ նույն տեսքն ունի…»

Be the first to comment on "«Երեկոյան մեքենայով գալիս էի՝ պատկերացրեցի, որ երևի դժոխքի ճանապարհը ճիշտ նույն տեսքն ունի…»"

Leave a comment

Your email address will not be published.


*