fbpx

«Ո՞վ է այդ չար ուժը, որ չորս տարի է՝ Կառավարությանը խաբում, ասում է՝ ես տաքսի չեմ, ու հարկ չի վճարում»

 

2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կարևոր որոշումներից է լինելու մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը:

 

«Մոտավորապես 50 000 մարդ ունենք, ովքեր այս որոշման շահառու են դառնում: Եթե դնենք չոր աշխատավարձի տրամաբանության մեջ, ստացվում է, որ նրանց աշխատավարձը Երևանում ավելացնում ենք՝ 12 000 դրամ, մարզերում՝ 8000 դրամ»,- ընդգծեց վարչապետը:

 

«Անհատ տաքսիստները դեռ շարունակում են վճարել 8000-12.000 դրամ, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը դեռևս չի փոփոխվել։ Քննարկումներ են ընթանում այն մասով՝ ֆիզիկական անձի՞նք, թե՞ անհատ ձեռներեցներն են վճարից ազատվում: Ավելին՝ անհատ վարորդները նաև պարտքեր ունեն, առաջարկում ենք՝ դրանք էլ ջնջել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ առաջին քննարկումը եղել է նախորդ շաբաթ, իսկ առաջիկայում սպասվում է ևս մեկը, ակնկալում են, որ դա լինելու է հաջորդ շաբաթ:

 

«Քննարկումներն ընդհանուր ոլորտի մասին են եղել ու լինելու, միայն հարկերից ազատելը չէ: Չորսը տարի է՝ օնլայն տաքսիները հայտարարում են, որ իրենք ոչ թե տաքսի են, այլ պատվեր վաճառող, բայց բոլոր տեղերում գրանցվում են որպես տաքսի՝ թեկուզ գովազդներում՝ լինի դա հեռախոսով ներբեռնելիս, ռադիոյով, թե գրասենյակներում. Yandex taxi, GG taxi, U Taxi: Ես նախորդ քննարկմանն այդ հարցը բարձրացրեցի. ո՞վ է այդ չար ուժը, որ չորս տարի է՝ Կառավարությանը խաբում, ասում է՝ ես տաքսի չեմ, ու հարկ չի վճարում:

 

Բացահայտ խաբում է: Եթե ինքը պատվեր վաճառող է, ապա պատվերը պետք է վաճառի տաքսի սերվիսներին, ճի՞շտ է: Ի դեպ, տաքսի սերվիսներն ամեն վարորդի համար 30.000 դրամ հարկ են վճարում և պարտավոր են 8-ժամյա դրույքաչափով երկու վարորդ պահել: Սակայն իրենք ասում են՝ մենք տաքսի չենք, ու փողն արտահանում են չգիտեմ՝ որ գյոռը…

 

Անգամ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված չեն, օրինակ՝ հենց Yandex-ը, որ գումարը տանում են Ռուսաստան ու Կառավարության հարիֆներին ասում են՝ մենք տաքսի չենք: Սրանք էլ ականջները կախած՝ ասում են՝ հա, վայ, ինքը տաքսի չէ… Ընկել փողոցները՝ հարկ են ման գալիս՝ սրճարանների տերերից, առևտրականներից են հարկ ուզում, այն դեպքում, որ մոնոպոլիստը բացահայտ է: Մարդիկ հանգիստ ասում են՝ մենք տաքսի չենք ու հարկ չեն վճարում: Հետաքրքրիր իրավիճակ է»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:

 

Ինչ վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ մարտի 15-ին արած այն հայտարարությանը, որ Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա, «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահն ասաց, որ դա տաքսիներին չի վերաբերում:

«Տաքսիները կայանատեղիներ ունեն, ու շարունակում են հատկացվել՝ շատ դանդաղ քայլերով: Ամեն անգամ ցույց ենք անում, մի 5 կայանատեղի են տալիս, և այսպես շարունակ»:

Անի Կարապետյան

 «Ո՞վ է այդ չար ուժը, որ չորս տարի է՝ Կառավարությանը խաբում, ասում է՝ ես տաքսի չեմ, ու հարկ չի վճարում»

Be the first to comment on "«Ո՞վ է այդ չար ուժը, որ չորս տարի է՝ Կառավարությանը խաբում, ասում է՝ ես տաքսի չեմ, ու հարկ չի վճարում»"

Leave a comment

Your email address will not be published.


*