«Մարդիկ միակ արարածներն են Երկրի վրա, որ կկտրեն ծառերը, դրանցից թուղթ կպատրաստեն ու հետո վրան կգրեն «ՓՐԿԵՔ ԾԱՌԵՐԸ»»

Իմաստնագիրք. Մարդը, Հողն ու Ծառը

Ամեն բանի հիմքը հո՛ղն է, հողի՛ց ծնվող արմատն է սկիզբ,
Նրանի՛ց է երկնի դողը, երբ ձգվում է ծառը երկի՜նք,
Հողեղեն է սկիզբը եղել, մարդն էլ՝ հողից, հողածին է,
Ծառի նման վե՜ր է ելել, շունչն է առել թթվածինը:

Հողից՝ արմատ, արմատից՝ բուն, դարավոր է անցման ուղին.
Ծառը շա՜տ է նման մարդուն, նա՛ էլ գիտի ցա՛վը ճյուղի,
Գիտի վեհի ծանրությո՜ւնը, խոնարհումի ճկման կե՜տը,
Հողից ձգվող բարձրությո՜ւնը և հողադարձ վերջակե՜տը:

Մա՛րդն ու ծա՛ռը՝ իրան ու բուն, ոտքը՝ արմատ, ձեռքերը՝ ճյուղ,
Դեպի երկինք ձգվող արթուն, իմաստասեր երազընձյուղ,
Հո՛ղն է մարդու համազգեստը, ծառը՝ հողին կապող գոտի՛,
Մարդը պիտի դալա՜ր ապրի, որ պա՛րզ նայի առավոտին:

Որ իր կյանքը հավե՜րժ լինի, ինչպես ծառի փոշոտո՜ւմը,
Ինչպես հողից երկնած ծիլի՝ կապույտ երկընքի ձգտո՜ւմը,
Պիտի ապրի ծառին վայե՛լ՝ օգուտ տալով հողից՝ երկինք,
Բնությունը պահպանելով՝ կյանքը դարձնի Իմաստնագիրք:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

 

Գրել եմ՝ 20.05.2017

 

Սիրելի ընթերցողներ, ապօրինի ծառահատումը և բնության հանդեպ ցանկացած այլ ոտնձգություն ոչ միայն բարբարոսության ու ցինիզմի արտահայտություն է, այլև դաժան ծաղրանք՝ Երկիր մոլորակի նկատմամբ: Ոչնչացնելով բնությունը մենք ոչնչացնում ենք նաև ինքներս մեզ:

Իմաստնագիրք. Մարդը, Հողն ու Ծառը / Book of Wisdom – The Man, the Soil and the Tree

Be the first to comment on "«Մարդիկ միակ արարածներն են Երկրի վրա, որ կկտրեն ծառերը, դրանցից թուղթ կպատրաստեն ու հետո վրան կգրեն «ՓՐԿԵՔ ԾԱՌԵՐԸ»»"

Leave a comment

Your email address will not be published.


*