fbpx

102-րդ ռազմակայան․ սոսկալի սպանություններ ու այլ միջադեպեր

 

Վաղը լրանում է Գյումրիում կատարված սոսկալի սպանության 4-րդ տարին․ 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը 2015-ի հունվարի 12-ի գիշերը, թողնելով ծառայությունը, ներխուժեց և Ավետիսյանների ամբողջ ընտանիքին՝ 7 անդամներին, այդ թվում՝ երկու մանուկներին, սպանեց նրանց իսկ տանը։

 

Սա ոչ առաջին և պարզվեց հետագայում, ոչ էլ վերջին դեպքն է, երբ 102-րդ ռազմակայանի ծառայողները զոհ են դառնում անմեղ մարդիկ։ Ընդհանուր առմամբ, 1992-ից ի վեր, 102-րդ ռազմակայանի հետ կապված միջադեպերի արդյունքում սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ ռուսներ։

Վերհիշենք դրանք ժամանակագրական կարգով։

1992 թվականի հուլիսի 11-ին մի խումբ ռուս զինծառայողներ փորձեցին Գյումրիից դուրս տանել հատուկ կապի ռազմական կայանքների խոշոր բեռ: Դեպքը տեղի է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի հիմնադրումից մի քանի շաբաթ  առաջ: Գյումրիի 102-րդ ռազմակայանը ձևավորվել է Հայաստանում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի հենքով:

 

Բեռը հափշտակվել կամ անօրինական կերպով ձեռք էր բերվել 7-րդ բանակի զորամասերից մեկում: Գյումրիի մաքսատանը զինվորներին առաջարկվել էր ներկայացնել բեռի փաստաթղթերը: Զինվորականները նստել էին մեքենան և փորձել թաքնվել: Նրանց հետապնդել էին իրավապահները: Տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվեց 5 զինվոր հափշտակողների կողմից, իրավակարգի 3 և 3 խաղաղ բնակիչներ, ևս 6 մարդ վիրավորվեց:

Հարկ ենք համարում միայն ընդգծել, որ դեպքից հետո ռուսական մամուլը կրակ էր թափում հայերի վրա, իսկ Կրեմլը Երևանից հրապարակավ պահանջում էր ներողություն խնդրել: Հայաստանը, ունենալով մեկ տարուց էլ պակաս անկախության պատմություն, ներողություն չխնդրեց, սակայն պատրաստակամություն հայտնեց համագործակցել անաչառ հետաքննություն անցկացնելու հարցում: Շաբաթներ անց Հայաստան այցելեց ՌԴ վարչապետ Եգոր Գայդարը, և միջադեպը համարվեց հարթված։

 

1999-ին 102-րդ ռազմակայանի երկու ծառայողներ, որոնք եղել էին հարբած, Գյումրիի շուկայի տարածքում անկանոն կրակահերթ էին բացել՝ սպանելով 2 և վիրավորելով 14 մարդու։

2013-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի երկու դպրոցականներ զոհվեցին պայթյունից, երբ նրանց հանդիպեց ռուսական ռազմակայանի ուսումնական վարժարանի տարածքում թողնված ականը։

Եվ վերջապես, 2018-ի դեկտեմբերին Գյումրիի կենտրոնական թաղամասերից մեկում հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը։ Նա մահացավ հիվանդանոցում։ Նրա սպանության գործով 102-րդ ռազմակայանի զինծառայող է կալանավորված։

Ի դեպ, 2018-ի հուլիսին, առանց բնակիչներին տեղեկացնելու, 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները ուսումնական վարժանք էին իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ Փողոցներում իրականացված պայթյունների և կրակոցների ձայնից գյուղացիները խուճապի էին մատնվել։ Այս տհաճ միջադեպի առիթով, օրեր անց, 102-րդ ռազմակայանը ներողություն հայցեց։

Թաթուլ Հակոբյան

https://www.civilnet.am/news/2019/01/11/102-%D6%80%D5%A4-%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%E2%80%A4-%D5%BD%D5%B8%D5%BD%D5%AF%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%82-%D5%A1%D5%B5%D5%AC-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A4%D5%A5%D5%BA%D5%A5%D6%80/351946?fbclid=IwAR3dhYaEkJ3P0VScAcoL6xjOzGETUqZbz2I_G2gK0DdgCB4Pi2Xh0jM_rLc

Be the first to comment on "102-րդ ռազմակայան․ սոսկալի սպանություններ ու այլ միջադեպեր"

Leave a comment

Your email address will not be published.


*