fbpx

Սպանություն Գյումրիում. «Սասնա ծռեր» հորդորում են գործադիրին վերանայել ՌԴ–ի ռազմական ներկայության պայմանները

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել օրեր առաջ Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է. «Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող:

Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին եւ նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում:

Հատկապես 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միջազգային պայմանագրերի եւ Ռուսաստանի Սահմանադրության իրավակարգավորումներով ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որը բացառում է նման դեպքերում ռազմակայանի զինծառայողի նկատմամբ Հայաստանի արդարադատության լիարժեք իրականացումը:

 

Մամուլի հրապարակումներ կան, որ այս անգամ եւս ռուսաստանյան զինծառայողը գտնվում է ռազմակայանի տարածքում եւ, ինչպես Պերմյակովի պարագայում, քննչական գործողությունները կատարվում են այդ տարածքում:

Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որեւէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան: Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է դա: Փաստորեն՝ Հայաստանի տարածքում գերակայում են Ռուսաստանի Սահմանադրությունն ու իրավազորությունը:

Եթե այս անգամ էլ լռենք եւ քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու եւ այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար»:

http://www.armtimes.com/hy/article/150566

Be the first to comment on "Սպանություն Գյումրիում. «Սասնա ծռեր» հորդորում են գործադիրին վերանայել ՌԴ–ի ռազմական ներկայության պայմանները"

Leave a comment

Your email address will not be published.


*