Հարցը հասավ Փաշինյան-Պուտին հանդիպմանը. դիմակավորները պատռում են դիմակները

 

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հայտնել է, որ ՊԵԿ-ը խուզարկություն է իրականացնում ընկերությունում: Ըստ տեղեկության, ՊԵԿ հատուկ նշանակության ստորաբաժանման ախատակիցները խուզարկում են ընկերությունը, ենթադրվող հարկային չարաշահումը հայտնաբերելու համար:

Հարավկովկասյան երկաթուղիները նաեւ հիշեցնում է, որ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն օգոստոսի 15-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ խուզարկությունը եղել է օգոստոսի 14-ի երեկոյան:

Փաստորեն, Հարավկովկասյան երկաթուղիների տնօրենը փորձել է հարցը կարգավորել Նիկոլ Փաշինյանի հետ: Դա նշանակում է, որ կարգավորելու բան կա: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ այս դեպքում էլ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խոշոր ընկերությունը նախկին իշխանության հետ եկել էր կոռուպցիոն ռիսկեր պարունակող «քաղաքական համաձայնության», ինչպես օրինակ խոշոր սուպերմարկետների դեպքում էր: Սերգեյ Վալկոն հավանաբար դրա համար է ՊԵԿ խուզարկությունից հետո գնացել Նիկոլ Փաշինյանի մոտ:

Իհարկե պետք չէ բացառել, որ Փաշինյանն է նրան կանչել՝ ՊԵԿ խուզարկությունից հետո, ձեռք բերված որոշակի տեղեկատվության հիման վրա:

 

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը ստեղծել է Ռուսական երկաթուղիներ ընկերությունը՝ Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման համար: Ռուսական երկաթուղիներ ընկերությունը այդ իրավունքը ստանձնեց 2008 թվականին՝ 30 տարով:

Անցել է տասը տարի, հայկական երկաթուղին դեռ գոյություն ունի, եւ խոշոր հաշվով դա է Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության գործունեության տասնամյա արդյունքը: Իրավիճակի պատկերավոր նկարագրություն էր այն, որ 2017 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների մակարդակով «մեծ շուքով» հայտարարվեց, թե Ռուսական երկաթուղիները Հայաստանի երկաթուղուն երկու նոր վագոն են նվիրել: Երկվագոն գնացքը իբրեւ թե արագընթաց աշխատելու է Երեւան-Գյումրի ուղղությամբ, բայց միայն շաբաթ-կիրակի օրերին, ավելի թանկ տոմսով, ու արագության ամբողջ էֆեկտն էլ ըստ էության լինելու էր այն, որ գնացքը ուղղակի ավելի քիչ կանգառներ է անելու:

Եթե հավատարմագրային կառավարման տասնամյակից հետո երկու նոր վագոնի նվիրատվությունը կառավարական մակարդակի իրադարձություն է, ապա դրանից ավելի լավ ոչինչ չէր պատկերի Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման պերճանքն ու թշվառությունը:

Թեեւ, կան իհարկե ավելի խոսուն փաստեր ու թվեր: Մասնավորապես այն, որ Հայաստանի պետական բյուջեն կանոնավոր կերպով, տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ է հատկացրել ընկերությանը վնասների փոխհատուցման համար: Հարց է առաջանում, եթե Հայաստանի պետբյուջեն պետք է տարիներ շարունակ կանոնավոր կերպով հարյուրավոր միլիոն դրամներ տրամադրեր՝ յուրաքանչյուր տարի հարյուրավոր միլիոն դրամ, ապա ո՞րն էր հավատարմագրային կառավարման իմաստը:

Իմաստը թերեւս այն էր, որ արդյունք կունենար հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, որը եւս սկսվեց 2008 թվականին՝ դարձյալ Ռուսաստանից, ուր այցելել էր Սերժ Սարգսյանը: Ռուսաստանը թերեւս հուսով էր, որ այդ դիվանագիտության արդյունքը կլինի Կարս-Գյումրի երկաթուղային գծի գործարկումը, իսկ հեռանկարում գուցե նաեւ Նախիջեւանի երկաթուղու գործարկումը, որը հայկական երկաթուղին կդարձներ տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածք:

Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, իսկ այդ դեպքում Հայաստանի երկաթուղին Ռուսական երկաթուղիների համար ոչինչ է, անիմաստ պատ կամ փակուղի, ինչպես մի առիթով հայտարարել էր այդ կառույցի նախկին օդիոզ ղեկավար Յակունինը:

Կառավարման արդյունք չկա, եւ մնում է միայն իշխանության հետ «քաղաքական համաձայնությունը», որի արդյունք է գուցե տարիներ շարունակ բյուջեից հայուրավոր միլիոն դրամների փոխհատուցումը: Այդ իմաստով իհարկե երեւույթը բացառիկ չէ, սակայն այստեղ կա երկու ասպեկտ:

Փաստացի, հնարավոր է գործ ունենք հերթական խոշոր սուբյեկտի եւ նախկին իշխանության միջեւ «քաղաքական համաձայնության» դեպքի հետ, որը կարող էր մեղմ ասած խնդիրներ ունենալ օրինականության հետ եւ պահանջում է հանգուցալուծում, ու մյուս ասպեկտը՝ առկա է նաեւ Հայաստանում ռուսական խոշոր կորպորացիաների գործունեության էֆեկտիվության եւ օրինականության խնդիրը, ինչպես օրինակ գազի կամ էներգետիկայի այլ ոլորտներում:

Իսկ այստեղ արդեն հարցը տեղափոխվում է հայ-ռուսական հարաբերության տիրույթ, կամ ավելի շուտ՝ Փաշինյան-Պուտին հարաբերության տիրույթ: Արդյոք ասելով, որ Պուտինի հետ ավելի հեշտ էր, քան կարծում էր նախապես՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ նաեւ Հայաստանում ռուսական խոշոր կորպորացիաների գործունեությունն օրենքի եւ հանրային էֆեկտիվության դաշտ բերելու հարցը, կամ խորքային առումով հայ-ռուսական հարաբերության նենգափոխման «դիմակները» պատռելու հարցը, ինչն էլ անում են դիմակավորները:

Հարցը հասավ Փաշինյան-Պուտին հանդիպմանը. դիմակավորները պատռում են դիմակները

Be the first to comment on "Հարցը հասավ Փաշինյան-Պուտին հանդիպմանը. դիմակավորները պատռում են դիմակները"

Leave a comment

Your email address will not be published.


*