fbpx

Ռուսաստանը կորցրեց Հայաստանը՝ կկորցնի Հարավային Կովկասը. Արման Նավասարդյան

 

Ռուսաստանը վրիպել է,  նման հայտարարություն չպետք է աներ: Լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում իրավական զարգացումների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին:

«Իմանալով ռուսական դիվանագիտության հնարավորությունները՝ ես գալիս եմ այն եզրակացության, որ նրանց թյուրիմացության մեջ են գցել ՝շնորհիվ իրենց դեսպանության ոչ ճշգրիտ և հավասարակշռված ինֆորմացիայի,- ասաց նա՝ այդտեղ նաև տեսնելով որոշ շրջանակների կողմից, այդ թվում՝ հայկական, շահարկումներ,-դա շատ վտանգավոր է, որովհետև եթե խորանա նման առճակատումը, դրան նպաստողներն էլ չեն շահի, Ռուսաստանում Հայաստանի համայնքը՝ ևս»:

Հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս եղած խնդիրների պատճառը, ըստ Արման Նավասարդյանի, այն է, որ մինչ հիմա երկու երկրների  միջև հարաբերությունները եղել են ասիմետրիկ: «Հիմնական շեշտը հիմա դրվում է Խաչատուրովի ձերբակալության վրա,- ասաց նա՝ մատնանշելով, որ այստեղ, սակայն, միջազգային իրավունքի տեսանկյունից բացարձակապես ոչ մի խախտում չկա,- տեղի է ունեցել պետության ներսում կոպիտ խախտում՝ քրեականի հասնող, և այդ պետությունը նրան կանչել և ձերբակալել է: Խաչատուրովի ստատուս քվոն Ռուսաստանում մի բան է, Հայաստանում՝ բոլորովին այլ բան»:

Անդրադառնալով այս զարգացումների ֆոնին Հայաստան- Ռուսաստան հարաբերությունների խաթարմանը, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող զինամթերքի համաձայնության հնարավոր տապալմանը, Արման Նավասարդյանը նշեց՝ վերջին հարցում կարող ենք խնդիրներ ունենալ, բայց Ռուսաստանը մեծ հաշվով Հայաստանի հետ հարաբերություններում երբեք չի գնա այնպիսի զարգացման, որ կտրվեն հարաբերությունները:

«Այստեղ փոխադարձ շահերն են գործում, և Հայաստանի անհրաժեշտությունը Ռուսաստանին գրեթե սիմետրիկ է հակառակին: Ռուսաստանը կորցրեց Հայաստանը՝ կկորցնի Հարավային Կովկասը»,- ասաց նա՝ նշելով, որ դրան ՌԴ-ն չի գնա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը՝ դիվանագետը նշեց, որ քայլերը խելամիտ են և հաշվարկված: «Լավրովը երեկոյան մեկնաբանություն արեց, առավոտյան Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց հանրահավաքի մասին: Ինչպես ասում են՝ տասին խփեց»,- ասաց նա` նշելով, որ հանրահավաքը կցրի Ռուսաստանի մոտ եղած կասկածները, թե Հայաստանում արդեն միասնականություն չկա:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

http://www.tert.am/am/news/2018/08/03/navasardyan/2758075

Be the first to comment on "Ռուսաստանը կորցրեց Հայաստանը՝ կկորցնի Հարավային Կովկասը. Արման Նավասարդյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ