fbpx

Ամեն օր և ամենուր կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իմաստ չունեն, չգիտեն՝ ինչի համար են ապրում

 

Ամեն անգամ, երբ գալիս է գարունը, մեկը, հիշելով մեծ բանաստեղծին, խնդրում է ծառերին պատմել Աստծո մասին, և դրանք ծաղկում են։ Ուրիշ ինչպե՞ս պատմել Աստծո մասին, եթե ոչ ծաղիկներով, նրբությամբ, փխրունությամբ, ծնունդ տալու ուժով, մշտապես նորանալու ունակությամբ, թարմությամբ, վերածննդով․․․ Իզուր չէ, որ բանաստեղծը հենց ծառերին է դիմում․ ծառերն իմաստուն են։ Միայն նրանք են մինչև վերջ հասկացել կյանքն ու միայն նրանք կարող են սովորեցնել ծաղկել, անշահախնդրորեն բաշխել, միայն նրանք կարող են սովորեցնել բաց թողնել։

 

Ամեն աշնան հետ նրանք սովորեցնում են բաց թողնելու արվեստը՝ բաց թողնել հինը, չապրողը․․․ Չվախենալ կորստից, չվախենալ անծածկ մնալուց, մշտապես նորի, լավի, ապրողի հույսն ունենալ։ Միայն ծառերը կարող են սովորեցնել ներդաշնակության մեջ լինել հողի ու երկնքի հետ միաժամանակ։ Ծառերը հուշում են՝ գտիր արմատդ, որ ճյուղերդ հասնեն արևին․ այսպես քեզնից սերվածը քաղցր կլինի, պտուղդ կօրհնեն ու չեն անիծի։

Ծառը մարդու ուսուցիչն է, որն ամեն գարնան պատմում է Աստծո մասին՝ ծաղկելով։ Մարդը ևս Աստծո մասին է պատմում, երբ ծաղկած է։ Ուրեմն մարդը ևս կարող է ծաղկել՝ կմտածի ընթերցողը, բայց ինչպե՞ս․․․ Աշխարհը լի է մարդկանցով, ովքեր երբևէ չեն ծաղկել, չորացել են, դեռ կարգին չաճած, ապրել են իրենց կյանքի ձմեռը երիտասարդ օրերին և այդպես էլ ուժ չեն գտել նորից ծաղկելու, կանաչելու, աճելու, գարունվելու։ Նրանք չգիտեն՝ ինչու են ապրում, որն է ապրելու իմաստը և ինչ պիտի անեն իրենք այս աշխարհում։ Ամենուր կան նման մարդիկ՝ չորացած հոգով, էությամբ, սրտով՝ անլույս, առանց հույս, առանց սեր։ Ու թե կան չորացած մարդիկ, ուրեմն կան նաև ծաղկածներ․ նրանք, որ լի են սիրով, լույսով, հույսով ու հավատով։ Նրանք, որ գիտեն՝ բոլոր ձմեռներին հաջորդում է գարունը։ Նրանք, որ գիտեն՝ ծաղկելու համար արև է պետք, ջերմություն ու լույս, իսկ դա ունենալու համար վերև է պետք նայել, վերևին հուսալ․․․

 

Երբ մարդը չոր է, կորցնելու ոչինչ չունի․ նա անհաղորդ է շրջապատին՝ այլևս ոչինչ չունի տալու, ստանալու։ Որովհետև չորացածին արևի լույս պետք չէ, ջերմություն պետք չէ, նա սպասում է՝ երբ է վերջնականորեն ընկնելու․ այդպես մարդիկ սպասում են իրենց մահվանը՝ ոչինչ չհասկանալով իրենց օրերից, չհասկանալով՝ ինչի համար էին, չհասկանալով՝ ուր պիտի թեքվեին, ումից պիտի ուժ և լույս ստանային՝ վերընձյուղվելու համար։

Մինչդեռ ոչ մի մարդ հենց այնպես չի արարվում․ բոլորս մեր առաքելությամբ ենք գալիս այստեղ։ Եվ ինչպես ծառը՝ ծաղկելով ու կանաչելով իր բարիքն է տալիս աշխարհին, այնպես էլ մարդը, միայն ծաղկած ժամանակ կարող է ինչ-որ բան տալ, իր առաքելությունը կատարել և այսպես զգալ գոյություն ունենալու իմաստը։

 

Ամեն օր և ամենուր կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իմաստ չունեն, չգիտեն՝ ինչի համար են ապրում։ Աչքի առաջ ունենալով ամենաշատը 80 տարի՝ նրանք ամեն օր արթնանում են, օրվա հացի համար կատարում են իրենց աշխատանքը, և թե երեխաներ ունեն՝ հենց նրանց վրա էլ բարդում են սեփական կյանքն իմաստավորելու գործը, մինչդեռ երեխաները պտուղ են, որոնք պիտի հեռանան, հեռացվեն։ Որովհետև չկա ավելի վատ բան, քան երբ չեն քաղում ծառի բերքն ու չեն նախապատրաստում նրան եկող ձմեռվան։

 
Մարդիկ վախենում են հենց այդ ձմեռվանից՝ ծերությունից, որն անպայման գալու է։ Վախենում են, որովհետև հավերժության զգացում չունեն։ Որովհետև անանցի, հավերժականի, իրենցից ավելի բարձրի վրա հույս չեն դնում։ Որովհետև չեն երկխոսում Աստծո հետ, որովհետև Աստված չունեն իրենց մեջ ու չեն կարող Նրա մասին պատմել։

 
Եվ, այնուամենայնիվ, ո՞րն է իմաստը, ապրելու, ողջ լինելու իմաստը, կյանքի իմաստը որն է․․․ Այն, որ մեզ պատրաստի իմաստ չի հրամցվում, սա ևս մեր ազատության մասին է վկայում։ Այս հարցում ևս Աստված մարդուն շնորհել է ամենամեծ պարգևը՝ ազատությունը։ Դու ազատ ես գտնելու քո իմաստը։ Բայց հուշումներն ամենուր են։ Իմ ամենասիրելի հուշումը․․․ ծառերն են, ծաղկած ծառերը։ Նրանք, որ ամեն գարնան պատմում են Աստծո մասին։

Որպես հետգրություն՝ նախորդ դարում ապրած մի մարդ էլ նկատել է՝ կյանքի իրական իմաստն այն է, որ տնկես ծառեր, որոնց ստվերի տակ նստել չես ակնկալում։

Հեղինակ՝ Ա․ Պողոսյան

 

qahana.am

Ամեն օր և ամենուր կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իմաստ չունեն, չգիտեն՝ ինչի համար են ապրում

Be the first to comment on "Ամեն օր և ամենուր կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իմաստ չունեն, չգիտեն՝ ինչի համար են ապրում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ