fbpx

«Լիդիան Արմենիան» պարզապես շանտաժ է անում ՀՀ կառավարությանը. Նրանք չեն կարող դիմել արբիտրաժ

 

«Միջազգային արբիտրաժ դիմելը ոչ մեզ է ձեռնտու՝ պետությանը, ոչ «Լիդիանին»։ Ոչ մի կողմին։ Դա շատ երկար պրոցես է, ծախսատար պրոցես է։ Շատ ավելի լավ կլինի բոլորս միասին, բոլոր կողմերս՝ մենք, «Լիդիանը», ժողովուրդը միասին հասկանանք, թե որ որոշումը երկրի համար առավել շահավետ կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

 

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը հայտարարել է ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին: Ընկերությունը նախազգուշացնում է, որ կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ:

 

Սակայն կոնկրետ հայցադիմում դեռևս չկա։ Սիսեռյանն ասաց, որ «Լիդիանը» փաստաբաններ է վարձել արդեն իսկ, որոնք իր հետ կապի մեջ են, պարբերաբար զանգահարում ինչ-որ տեղեկություններ են ճշտում, հարցուպատասխան իրականացնում։ «Կոնկրետ հայց դեռևս չկա, բայց այդ հարցուպատասխանից մենք հասկանում ենք, որ «Լիդիանը» գնում է այդ ճանապարհով, դեպի արբիտրաժ»,- ասաց Սիսեռյանը։

 

Նրա խոսքերով՝ իրենք հիմա սպասում են նոր ընկերության փորձաքննության արդյունքներին, որի հիման վրա էլ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ շահագործվելու է Ամուլսարի ոսկու հանքավայրը, թե ոչ։ Փորձաքննության պատասխանները, ըստ Սիսեռյանի, պատրաստ կլինեն մինչև մայիս ամսվա վերջը։ «Շատ բան կախված է այս նոր ընկերության կատարելիք հետազոտություններից, որի հիման վրա կառավարությունը կգնա որոշում կայացնելու։ Հավատացեք, կառավարությունը ներկայումս չունի ոչ մի հակվածություն այս կամ այն կողմի հետ կապված։ Մենք հասկանում ենք, որ երկուստեք կան խնդիրներ։ Գիտենք, որ եթե փակելու որոշում կայացվի, դա կարող է շատ բացասական հետևանքներ ունենալ օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար, բացասական կարող է լինել հարկային եկամուտների մասով, բայց, երբ որ մենք ունենանք այդ հետազոտության արդյունքները, դա մեզ հիմք կտա որոշում կայացնելու։ Եվ երբ մեզ մարդիկ հարց տան, թե ինչու այսպես, մենք իրենց ցույց կտանք ու կասենք, որ այս-այս պատճառներով մենք որոշում կայացրինք փակել, կամ շահագործել հանքավայրը»,- ընդգծեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։

 

Հիշեցնենք, որ կառավարությունն այս տարվա փետրվարի 21-ի նիստում որոշել էր պետական բյուջեից 396 հազար դոլարին համարժեք դրամ հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին՝ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու համար, որը հանքավայրի վերաբերյալ նոր փորձաքննություն պետք է իրականացնի: Ընկերությունն ընտրվել էր մրցութային կարգով։

 

Հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեում, նշանակված է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն:

 

«Լիդիանը» վստահ է, որ հետազոտությունը կհաստատի ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի լիարժեք արժանահավատությունը, և որ «Լիդիանի» ներկայացրած այս փաստաթղթերը կարող են օրինակ դառնալ հետագայում Հայաստանում այլ ծրագրերում կիրառելու համար։ Այս մասին ասված էր այս տարվա հունվարին «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 

«Կարծում եմ, որ մի քանի ամիս հետո փորձաքննությունները, ուսումնասիրությունները կավարտվեն, և վերջնական լուծում կտրվի հարցին։ Ոչ մի կողմին ձեռնտու չէ այս վիճակը։ Շուտափույթ լուծում է հարկավոր»,- եզրափակեց Վարագ Սիսեռյանը։

 

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազենի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Լիդիան Արմենիան» պարզապես շանտաժ է անում ՀՀ կառավարությանը միջազգային արբիտրաժ դիմելու հետ կապված։ «Իրենք դիմող լինեին, այս 9 ամսվա մեջ դիմած կլինեին։ Դիմողը սուսուփուս դիմում է, ոչ թե ամիսը մեկ հայտարարություն անում, թե կդիմի արբիտրաժ։ Եվ դա այն պարագայում, երբ իրենք ասում էին, թե ամեն ամիս մի քանի միլիոնի վնաս են կրում։ Է, թող դիմեն, բա ինչու չեն դիմում։ Իսկ իրենք միջազգային արբիտրաժ չեն դիմի, քանի որ իրենք գիտեն, որ իրենք՝ Հայաստանում լրիվ անօրինական գործունեություն են ծավալել, իրենք գիտեն՝ ինչքան օրենք ու կոնվենցիա են խախտել։ Պարզ է, չէ՞, որ իրենք շանս չունեն։ Իրենք 2009 թվականից հանքավայրը շահագործելու թույլտվություն են ունեցել, այդ ինչու 10 տարվա մեջ չեն շահագործել։ Իսկ իրականում իրենք 10 տարի շարունակ մեր պետական գույքը, մեր տարածքները զավթել են ու ոչ պետությունն է դրանից օգուտ ստանում, ոչ իրենք։ Իսկ ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը»,- ասաց տիկին Վարդանյանը՝ հավելելով, որ օրենքով, փորձաքննությունից հետո, եթե 1 տարվա մեջ հանքավայրը չի շահագործվում, ամեն ինչ չեղյալ է համարվում, և նոր հայտ պետք է ներկայացվի, և նոր փորձաքննություն իրականացվի, իսկ «Լիդիանը» 10 տարի ոչինչ չի արել։ «Լիդիանի» գործողությունները ապօրինի են եղել այս տարիներին։

 

Մեր նախորդ կառավարությունն էլ է իրենց օժանդակել։ Իրենք իմացել են, որ կիսատ տեղեկատվություն է տրվել, թթվային դրենաժի մասին տեղեկություն չի եղել։ Իրենք գրել են, որ թթվային դրենաժ չի լինելու, կամ չնչին է լինելու, նախատեսում են 5-րդ տարում մաքրող կայան դնել, բայց դեռ հանքարդյունահանումը չսկսած՝ թթվային դրենաժ կա, և ջրերի թթվայնությունը բարձրացել է։ Այսինքն՝ իրենք արդեն աղտոտում են տարածքը և ջրերը։ Իրենք տարածքում ծղոտից լյուկեր են պատրաստել, որ ջուրը դրա միջով անցնի՝ իբրև թե մաքրվի ու գնա լցվի Արփա գետը։ Երևի թե 17-րդ դարում նման մեթոդ չէին կիրառում»,- ընդգծեց Վարդանյանը։

 

Նազենի Վարդանյանն առանձնապես հույս չի կապում ELARD ընկերության նոր փորձաքննության հետ: Նա արդեն իսկ դիմել է վարչական դատարան, որպեսզի բնապահպանության նախարարին պարտավորեցնեն ուժը կորցրած ճանաչել 2016 թվականի փորձաքննության եզրակացությունը։ Դա արվել է Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակչի լիազորագրով։

 

«Ես սկզբում դիմել եմ Արծվիկ Մինասյանին, որի ժամանակ մերժվեց։ Նորից դիմեցի նոր նախարարին և ոչ մի պատասխան չստացա։ Հիմա դիմել եմ վարչական դատարան։ Այնպես որ, այդ հարցի լուծման ամենակարճ ճանապարհը դա էր, որ նոր երևան եկած հանգամանքով ուժը կորցրած ճանաչվեր փորձաքննությունը, որից հետո «Լիդիանը» ինչ ուզենար, թող աներ, դա իր իրավունքն էր։ Բայց հիմա մեր կառավարությունն իրենց հնարավորություն է տալիս սպառնալ ու ինչ-որ հայտարարություններ անել»,- եզրափակեց Նազենի Վարդանյանը։

https://www.1in.am/2525089.html

Be the first to comment on "«Լիդիան Արմենիան» պարզապես շանտաժ է անում ՀՀ կառավարությանը. Նրանք չեն կարող դիմել արբիտրաժ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ