fbpx

«Նախատոնական սթրեսները անխուսափ են, բայց հաղթահարելի»․ հոգեբան Սաթեն Գրիգորյան

 

Շուտով Ամանոր է։ Ընդամենը մի քանի օր անց քաղաքը կպատվի տոնական զարդարանքներով, ամենուր կտիրի ուրախ եռուզեռ։ Որքան մոտենում են Սուրբ ծննդյան տոները, այնքան շատանում են նախատոնական սթրեսներն ու դեպրեսիաները։

Տոներին ընդառաջ մարդիկ լարված դես ու դեն են ընկնում` շատ ժամանակ ուշադրություն դարձնելով ոչ թե լավ ժամանց ապահովելուն, այլ սեղանը տարատեսակ ուտելիքներով բեռնելուն: Այդ  լարվածությունը և հուզմուքը մի շարք խնդիրների պատճառ կարող են դառնալ, ընդհուպ մինչև առողջական վիճակի վատթարացում և ճանապարհա-տրանսպորտային ոլորտում սթեսի հետևանքով միջադեպերի առաջացում:

Սթրեսների պատճառների և դրանց հաղթահարման մասին Bavnews.am-ը  զրուցել է հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ։

Ըստ հոգեբանի` նախատոնական և հետտոնական սթրեսներն ամեն տարի՝ Ամանորին ընդառաջ, օրակարգային են:  «Նախատոնական օրերին սթրեսները միշտ եղել և մնում են օրախնդիր. դա հատկապես պայմանավորված է ֆինանսական դրդապատճառներով, քանի որ միայն այն հանգամաքը, որ կա քառակուսի, որի մեջ պետք է տեղավորել երևույթը, որպես այդպիսին սթրեսի առաջացման հիմնավոր նախադրյալ է հանդիսանում»։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Սաթեն Գրիգորյանը կարծում է, որ խնդրի լուծումը հայացքները փոքր-ինչ փոխելու և ստանդարտներից դուրս մտածելու մեջ է.

«Տոներին ընդառաջ պետք է կենտրոնանալ ոչ թե այն հանգամանքի վրա, որ պարտադիր պետք է կլորիկ գումար Ամանորը հավուր պատշաճի դիմավորելու համար, այլ Նոր տարվա խորհրդի ու ամանորյա հրաշքի գաղափարի վրա:

Չպետք է ընկնել պայմանական ձևականությունների հետևից, պարտք վերցնել հարազատներին կամ բարեկամներին զարմացնելու, որևէ բան ցույց տալու համար։ Յուրաքանչյուրն իր հնարավորության չափով պետք է նշի տոնը»։

Նոր տարվա խորհուրդը նշանակալից է նաև նրանով, որ մարդիկ հնարավորություն են ունենում իրենց հույզերն արտահայտել փոքրիկ և խորհրդանշական  նվերների տեսքով.

«Հարազատներին և ընկերներին նվերներ գնելիս պետք է դրանք անել ոչ թե պարտադրաբար, այլ մատուցել անակնկալներ, որոնք իրենցում որոշակի խորհուրդ կունենան:  Կարելի է խաղալ Ձմեռ պապիկի գաղտնիք խաղը/Secret Santa/, որն ամբողջապես ամանորյա հեքիաթի մաս է կազմում և մեծ դրական լիցքեր փոխանցում

Վերջապես կարելի է հավաքվել մի վայրում և ընկերներով մինչև լույս նշել Ամանորը, դա կօգնի անմոռանալի դարձնել  տոնը և կազատի հաջորդ օրերին հյուր ընդունելու և հյուրընկալվելու՝ շատերի համար ձանձրալի արարողակարգից։

Սակայն, հաճախ, այնուամենայինվ, սթրեսները անխուսափ են և պետք է անել ամենը դրանք հաղթահարելու համար. «Սթրեսները հաղթահարելու համար հաճախ պետք է տնից դուրս գալ, զբոսնել, վայելել Ամանորը իր ողջ գունապնակով։ Ամանորը պետք է ընկալել ոչ թե որպես հյուր ընդունելու և հյուրընկալվելու  ձանձրալի արարողակարգ, այլ իրապես տոները վայելելու և կյանքը դրական լիցքերով լցնելու»։

Ըստ Սաթեն Գրիգորյանի՝ Ամանորին իսկապես անհնարը կարող է դառնալ իրական և հավատալի. «Հաճելի է ինչպես նախատոնական, այնպես էլ տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ, դիտել թեմատիկ հաղորդումներ և ֆիլմեր, դրանք մեզ անկրկնելի  դրական հույզեր կտան՝ ստիպելով անվերապահորեն հավատալ Ամանորյա հրաշքին»։

Լիանա Մարտիրոսյան

«Նախատոնական սթրեսները անխուսափ են, բայց հաղթահարելի»․ հոգեբան Սաթեն Գրիգորյան

Be the first to comment on "«Նախատոնական սթրեսները անխուսափ են, բայց հաղթահարելի»․ հոգեբան Սաթեն Գրիգորյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ