fbpx

Կեղծ դիպլոմնե՞ր. չենք լսել. բուհերը մեկնաբանում են իսրայելցի 40 բժիշկների ձերբակալությունը

 

Արտասահմանյան լրատվամիջոցները կիրակի՝ դեկտեմբերի 2-ին, հաղորդեցին, որ նույն օրն առավոտյան Իսրայելում ձերբակալվել է 40 արաբ բժիշկ, պրակտիկանտներ ու դեղագործներ, որոնց դիպլոմները տրամադրել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ: vesty.co.il-ի փոխանցմամբ, հետաքննությունը կարծում է, որ դիպլոմները կեղծ են, քանի որ կասկածյալները դրանք ստացել են՝ առանց ուսումնառության ամբողջ կուրսն ավարտելու: Զեղծարարներին բացահայտելու օպերացիան ստացել է «Սպանելու լիցենզիա» անվանումը:

 

Հետաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, կասկածյալներն Իսրայելի առողջապահության նախարարություն են ներկայացրել կեղծ դիպլոմներ եւ դրանց հիմքով ստացել են բժշկական հաստատություններում աշխատելու թույլտվություն: Ըստ նույն աղբյուրի, կեղծ դիպլոմների տերերից ոմանց հաջողվել է հանձնել արտասահմանյան բուհերի շրջանավարտների համար նախատեսված քննությունը եւ Իսրայելում աշխատելու լիցենզիա ստանալ: Նշվում է, որ Իսրայելում աշխատող բժիշկները դիպլոմներ են ստացել «Հայբուսակ», «Մխիթար Գոշ» եւ «Սուրբ Թերեզա» համալսարաններից:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով վերոնշյալին, հայտարարել է. «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, եւ ապացույցները ստանալուց հետո (ներկայում հետաքննություն է ընթանում եւ սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետեւանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»։

 

«Հայբուսակի» ռեկտոր Սուրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ հավելյալ տեղեկություն չունի: «Մենք ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունենք, մեզ ոչ մեկը ոչինչ չի ասել: Ինչքան դուք գիտեք, տեսել եք, մենք էլ դա ենք տեսել: Դրանից ավելի ոչինչ չգիտենք, դրա համար չեմ կարող որեւէ բան ասել»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է կեղծ դիպլոմներ տրամադրելուն, նա վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքին դա չի առնչվում: Սուրեն Հարությունյանը «Հայբուսակը» ղեկավարում է 2015 թվականից: Ռեկտորից նաեւ հետաքրքրվեցինք, թե անցյալ տարի բացատրություն պահանջեցի՞ն Իսրայելի առողջապահության նախարարությունից: 2017 թվականի սեպտեմբերին Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հանդիպելով Հայաստանի առողջապահության նախարարի հետ, անդրադարձել էին նաեւ «Հայբուսակին» ու նշել, որ մասնավոր այդ բուհն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել եւ ստանալ աշխատելու իրավունք, իսկ այդ ցուցանիշն իրենց չի գոհացնում:

«Հայբուսակի» ռեկտորի խորհրդական, նախկին ռեկտոր, գործող ռեկտորի քույր Անահիտ Հարությունյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր, որ նման բան հնարավոր չէ, քանի որ «Հայբուսակ»-ը ավարտած իսրայելցի շրջանավարտները միայն առաջիկայում են մասնակցելու իրենց երկրում անցկացվող լիցենզավորման քննությանը: Նաեւ հայտարարել էր, թե բուհը պատրաստվում է նամակով դիմել Իսրայելի առողջապահության նախարարություն եւ բացատրություն պահանջել, որովհետեւ ստվեր է գցվել համալսարանի գործունեության վրա: Բուհի ռեկտոր Սուրեն Հարությունյանն ասաց, որ նամակ չի ուղարկվել: «Մեր երկրի առողջապահության նախարարի հետ հանդիպումից առաջ իրենք եկան մեր բուհ, ծանոթացան գործերի վիճակին, դրանից հետո, թե դրանից առաջ էլ, նույնիսկ շնորհակալական նամակ են ուղարկել բժշկական ֆակուլտետի դեկանին: Խոսակցություններ կային, որ նախարարի հետ քննարկել են այդ հարցերը, բայց մեզ նախարարը ոչինչ չի ասել, եւ ես մտածել եմ, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց Սուրեն Հարությունյանը:

 

«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Հայկ Դերձյանն էլ, անդրադառնալով Իսրայելում բուժաշխատողների ձերբակալությանը, նկատեց, որ դա արդեն այդ երկրի խնդիրն է, եթե շրջանավարտներն այնտեղ քննություն են հանձնել եւ ստացել աշխատելու իրավունք: «Այստեղ եկել, սովորել են, ավարտական փաստաթուղթ են ստացել, հետո գնացել այնտեղ քննություն են հանձնել, լիցենզավորում են անցել այդ մարդիկ: Ըստ հաղորդագրության եմ ասում ես դա: Այսինքն՝ նրանց գիտելիքները ստուգելուց հետո արդեն թույլատրել են, որ աշխատեն: Մնացածը իրենց խնդիրն է: Մեզ մոտ եկել են, համապատասխան փաստաթղթերով ընդունվել են, գործընթացը շարունակվել է, մասնակցել են ավարտական քննություններին, դրական նիշը ստացել են, ստացել են ավարտական փաստաթուղթ: Իմիջիայլոց, մեր բուհի բուժական գործ մասնագիտությունը պետական հավատարմագրում չունի, ունի միայն լիցենզիա: Մենք տվել ենք սովորական, ոչ պետական նմուշի դիպլոմ»,- ասաց Հայկ Դերձյանը:

 

Նա բացառեց, թե Իսրայելի քաղաքացիները դիպլոմ են ստացել՝ առանց ուսուցման ամբողջ կուրսն անցնելու: «Եթե չեն անցել, ոնց կարող են դիպլոմ ստանալ»,- զարմացավ մեր զրուցակիցը: «Ըստ ուսումնական տարիների նայում են գնահատականները: Լինում է, որ անգամ եթե ինչ-որ տեղ բացասական են ստանում, հեռացվում են կամ տարկետում են ստանում: Արագացված կուրսեր մենք չենք ունեցել: Դա եղել է ուսումնական պլանին, պետական կրթական չափորոշիչերին համապատասխան ուսուցում, ավարտել են, ստացել են ավարտական փաստաթուղթ»,- հավելեց Հայկ Դերձյանը:

Վերոնշյալ մյուս բուհից՝«Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանից, մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց:

2017 թվականի հունվարին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր, որ հանրապետության որոշ ոչ պետական բուհերում տրամադրվել են դիպլոմներ՝ կեղծ հիմքերով ձեւակերպված եւ շահադիտական դրդումներով: Ըստ նույն աղբյուրի՝ ավարտական կեղծ փաստաթղթերը տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների: Երեք, այդ թվում՝ «Սուրբ Թերեզայի անվան համալսարանի ռեկտորների նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք:

http://www.armtimes.com/hy/article/149713

Be the first to comment on "Կեղծ դիպլոմնե՞ր. չենք լսել. բուհերը մեկնաբանում են իսրայելցի 40 բժիշկների ձերբակալությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ