fbpx

Օմարի դեպքերը շահարկելը ստորություն է, դավաճանություն. Գագիկ Մելքոնյանը` Դավիթ Շահնազարյանին

 

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ քաղաքական ուժերը պետք է զերծ մնան Արցախին առնչվող հարցերը քարոզարշավի ընթացքում քաղաքական շահարկումներ դարձնելու վտանգավոր գործելակերպից: Tert.am-ի հետ զրույցում գեներալը նշեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը չպետք է անդրադառնար Օմարում կատարված մարտական գործողություններին, այն պարագայում, երբ անձամբ ոչնչի ակնատես չի եղել: Գեներալի խոսքով՝ այսպիսի պահվածքը ստորություն է:

Հիշեցնենք,որ ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար: Ի պատասխան՝ Սասուն Միքայելյանն ասել էր, որ մինչև ինքը հասել է Օմարի լեռնանցք, արդեն գործողությունները ավարտվել էին: Դավիթ Շահնազարյանն էլ  արձագանքել էր, որ Սասուն Միքայելյանը  ստախոս է:

-Պարո՛ն Մելքոնյան, Դուք ևս մասնակցել եք Օմարի լեռնանցքի մարտական գործողություններին, եղել եք հրամատարներից մեկը,ԱԱԾ  նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանը 1993-ի վերջին ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար, ինչը Սասունը Միքայելյանը հերքել է` նշելով, որ այնտեղ է եղել արդեն գրավումից հետո: Դուք ի՞նչ եք հիշում, Սասուն Միքայելյանը ո՞ր ժամանակահատվածում է եղել և հստակեցրեք նաև բարձունքի գրավումը 1993-ի վերջի՞ն է եղել, թե՞ արդեն 1994 –ի փետրվարի  գործողությունների մասին է խոսքը:

-1993 թ-ի դեկտեմբերի 27-28-ին հակառակորդը արդեն Օմարում գրավել էր բարձունքը, արդեն իջել էր դեպի ներքև՝ մեր կողմի վրա, դեկտեմբերի 31-ին մենք հրաման ենք ստանում տեղափոխվել Օմար, էդ ժամանակ հատուկ գունդը Հորադիզի շրջանում էր տեղակայված և գնդի խնդիրը հարավային մասի պաշտպանությանն էր վերաբերում, երբ որ գրավված էր Օմարի բարձունքը: Մենք արդեն դեկտեմբերի 31 –ին մի բատալիոնով, ըստ հրամանի շարժվել ենք Օմար, երկու օր հետո մյուս գումարտական է տեղափոխվել Օմար: Էդ ժամանակ արդեն մեր պաշտպանողական, իրենց հարձակողական օպերացիաներն էին, և ամեն օր նրանք ավելի էին ուժեղացնում իրենց ճնշումը, Օմարի այս կողմ արդեն հսկայական քանակի տեխնիկա, մարդկային ուժ էր կուտակվել: Լայնածավալ հարձակումն սկսվեց թե՛ Վարդենիսի, թե՛ Քարվաճառի ուղղությամբ, մենք պաշտպանվում էինք, որպեսզի խուսափենք մարդկային շատ զոհերից, նահանջել ենք ամբողջ  ճակատով և մեզ ավելի հարմար դիրքեր ենք ընտրել, պաշտպանվել ենք այդ գծից, որպեսզի չկարողանան ներթափանցել Վարդենիս:

Սասուն Միքայելյանը սկզբնական շրջանում, իհարկե եղել է, ընդհանուր նահանջի ժամանակ, երբ երկրորդ պաշտպանական դիրք էինք բռնել, արդեն այդտեղ չէր, ինքը զոհ էր տվել, տարան զոհվածին հուղարկավորելու: Էդ ժամանակ արդեն շատ ջոկատներ դուրս եկան վերակազմավորվելու:

-Այսինքն՝ հակառակորդի կողմից բարձունքի գրավման բուն ժամանակահատվածում  Սասուն Միքայելյանը այդտե՞ղ է եղել:

-1993 -1994 թթ.-ին հո մենակ Սասունը չի եղել, 20-30 ջոկատ է եղել՝ իր հրամանատարներով: Դավիթ Շահնազարյանը, որ Սասուն Միքայելյանին դարձնում է թիրախ, կարող է նույն ձևով թիրախավորել բոլոր հրամանատարներին, ու ասել՝ նահանջել են: Թող գար, կանգներ այդտեղ, տեսնեինք կկանգնե՞ր: Այդ ժամանակ թուրքերը Օմարի կողմ բերել էին 30 տանկ, 30-40 БМ, մենք նոր պաշտպանական մարտավարությամբ անցանք հակահարձակման, և ամբողջ տեխնիկան, որ թուրքերը բերել էին, մնաց մեր կողմում, շրջափակեցինք, ունեցան 4-5 հազար  զոհ, դա փաստ է, արձանագրված է:

Էդ ժամանակ ամբողջ սահմաններով էին սկսել հարձակումը, ուրիշ տեղից զորք չէր կարող տեղակայված վայրից գալ, ամբողջ ճակատով լայնածավալ հարձակման էին անցել: Մի ամիս  հետո հետ վերցրեցինք բարձունքը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ինչ վերաբերում է նրան, թե Սասուն Միքայելյանին իբր Վազգեն Սարգսյանի  ցանկացել է գնդակահարել, էդ ո՞վ է ընդեղ տեսել, էդ ո՞վ է Շահնազարյանին նման բան ասել:

Ուղղակի զարմանում եմ էդ մարդու վրա, մենք անգամ հիշելով ցավ ենք ապրում զոհված տղերքի համար, դուք խաղուպար եք սարքել, առուծախի առարկա: Դիվիդենտներ ես ուզում շահել, ՀՀ-ն ու Արցախը ուզում ես խառնել իրար: Չի՛ կարելի, սա, առնվազն, ստորություն է, դավաճանություն է: Հիմա  դու փորձում ես պառակտել, ինչի՞ համար, ուզում ես պախարակել, չի՛ ստացվի , էդ ՀՀԿ-ի դրոշը, որ վերցրել ես, արդեն խայտառակված ես ու փչացած: Այս թեմայով այսքանը կասեմ:

https://www.tert.am/am/news/2018/12/06/Melkonyan/2865359

Be the first to comment on "Օմարի դեպքերը շահարկելը ստորություն է, դավաճանություն. Գագիկ Մելքոնյանը` Դավիթ Շահնազարյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ