fbpx

Ո՞ւմ են պատկանում Հայաստանի գետերը «խեղդող» փոքր ՀԷԿ-երը․ Գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտում և արդյունքները փոխանցել է կառավարությանը։ Թե՛ կառավարությունից, թե՛ դատախազությունից դեռ որևէ տեղեկություն չեն հրապարակել, թե ուսումնասիրությունների արդյունքում ինչ են հայտնաբերել։ Բայց ենթադրվում է, որ այս ոլորտում էլ աղմկոտ բացահայտումներ կարող են լինել, քանի որ փոքր ՀԷԿ-երը հիմնականում պատկանում են Հայաստանի նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնք դրանք կառուցել ու շահագործում են բնապահպանական նորմերը խախտելով ու շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնելով։

 

Եվ անկասկած՝ այս ոլորտում մեծ խնդիրներ կան, օգոստոսի 23-ին Կառավարության նիստում հարցին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե նրանք օգտագործել են սահմանվածից ավելի ջուր, ուրեմն դա նշանակում է, որ նրանք հավելյալ եկամուտ են ստացել, շահույթ են ստացել ու այդքան վնաս են հասցրել պետությանը»,- հայտարարեց նա:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտում ուսումնասիրության աշխատանքները չեն ավարտվել և արդյունքների մասին դեռ ասելիք չունեն: Բայց հավելեց, որ նախատեսվում է սահմանել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման չափանիշներ, որտեղ կկիրառվեն որոշ սահմանափակումներ:

«Էկոլուր» բնապահպանական կազմակերպությունը անցած մի քանի տարիներին մանրակրկիտ՝ 75 ցուցանիշներով ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի գերակշիռ մասում: Կազմակերպության հիմնադիր, բնապահպան Ինգա Զառաֆյանն այդ աշխատանքներից հետո ահազանգում է.

«Կան շատ մեծ թվով գետեր, որտեղ ծանրաբեռնվածությունը հասնում է 40-50 տոկոսի և ավելի բարձր չափերի: Այսինքն այդ գետերը այդ չափով ծառայում են ՀԷԿ-երին ու հոսում են ոչ թե իրենց բնական հունով, այլև լայն խողովակների միջով: Եվ բնական կենսաապահովության համար գետից բան չի մնացել»:

Վայոց ձորում Եղեգիսը դարձել է դասական օրինակ, թե ինչպես չի կարելի շահագործել գետը և այն ծանրաբեռնել ՀԷԿ-երով: Այդ գետի վրա փոքր ՀԷԿ-երի կասկադ է աշխատում՝ կառուցվել են մոտ 2 տասնյակ ՀԷԿ-եր: Եվս մի քանիսը կառուցման ընթացքում են: Եթե Եղեգիսի վրա ևս մի քանի ՀԷԿ-ի կառուցում թույլ տրվի, ապա գետն ամբողջությամբ կհայտնվի խողովակների մեջ:

ՀԷԿ-երի սեփականատերերը պատահական մարդիկ չեն: Նրանք մանդատ ունեն, գեներալի կոչում, շատ փող ու հնարավորություններ, արտոնյալ իրավունքներ են ունեցել, որ կարողացել են գետեր սեփականացնել ու շահույթ ստանալ:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Եվ այսպես՝ մամուլի հրապարակումների համաձայն Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու իր եղբորն է պատկանում «Եղեգիս 1» ՀԷԿ-ը: ՀԷԿ-եր ունի «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդևան Գրիգորյանը:

Հերմոն համայնքի տարածքում գործող երեք ՀԷԿ-երը հայտնի են որպես Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի սեփականությունը: Պարզապես այն գրանցված է եղբոր և գործընկերոջ անուններով: ՀԷԿ-ի սեփականատեր է Պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ Հովիկ Օհանյանի որդին՝ Դավիթ Օհանյանը:

Եղեգիս գետի վրա երկու ՀԷԿ-եր շահագործող «Մինա-Մայա» ընկերության 50 տոկոսը պատկանում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է ապօրինի հարստացման մեղադրանքով:

Ի դեպ՝ ժամանակին անգամ կարծիք կար, թե առանց Սերժ Սարգսյանի համաձայնության որևէ մեկը չէր կարող ՀԷԿ կառուցել: Այն ամենավերևից հովանավորվող բիզնես էր:

ՀԷԿ ունի նաև նախկին գլխավոր դատախազ և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը. նրան է պատկանում «Սուրբ աղբյուր» ՀԷԿ-ի որոշ բաժնեմասը:

Վայոց ձորում ՀԷԿ ունեն նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանն ու նրա եղբայրը՝ Խաժակ Կարայանը: Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի որդին՝ Հայկ Սուվարյանը, ով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսան է: Հայկ Սուվարյանին է վերագրվում «Գողթանիկ» ՀԷԿ-ը:

Իհարկե, ՀԷԿ-եր ունի նաև Երևանի նախկին ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը։ Նա, հիշեցնենք, Փոքր ՀԷԿ-երի միության նախագահն է։ ՀԷԿ-եր ունեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Լոռու մարզում՝ հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը, նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու բազմաթիվ այլ ներկա ու նախկին պաշտոնյաներ:

ՀԷԿ-երի գերակշիռ մասը կառուցվել է վերջին տասնամյակում: Մինչև 1999թ. Հայաստանում դրանց քանակը երկու տասնյակից չէր անցնում: 99-ից 2008 թվականը՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին տրվել է 50 ՀԷԿ-ի թույլտվություն:

2008-ից հետո արդեն՝ կառուցվել է մոտ 130 ՀԷԿ, եւ այսօր սակավաջուր Հայաստանի գետերի վրա գործում է 185 փոքր ՀԷԿ։ ՀԷԿ-ը համարվում է եկամտաբեր բիզնես, եթե սեփականատերը կարողանում է այն կառուցել ջրառատ գետի կամ վտակի վրա: Հատկապես որ պետությունը «Հայկական էլեկտրացանցեր ընկերությանը» պարտադրում է գնել դրանց արտադրած էներգիան: Մեկ անգամ խոշոր ներդրում են կատարում և տարիներ շարունակ եկամուտ ու շահույթ ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ո՞ւմ են պատկանում Հայաստանի գետերը «խեղդող» փոքր ՀԷԿ-երը․ Գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Be the first to comment on "Ո՞ւմ են պատկանում Հայաստանի գետերը «խեղդող» փոքր ՀԷԿ-երը․ Գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ