fbpx

Մեր դեմ հարձակումը կազմակերպված էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց կազմակերպվածն իր հունով չգնաց. «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խումբ (տեսանյութ)

 

«ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խումբն այսօր ասուլիս էր հրավիրել ՝ ներկայացնելու Մարալիկում տեղի ունեցած իրադարձությունները, իրենց վրա հարձակում գործած մարալիկցիներին անվանելով խուլիգանախումբ, որոնք, իրենց հակահեղափոխականներ անվանելով, հարձակում են գործել նկարահանող խմբի վրա:

«Մարալիկում մեր նկատմամբ հարձակումը կազմակերպված էր, և մենք ոստիկանությունից պահանջել ենք բացահայտել ոչ թե այդ «բանկաբութուլկեքի և լնգուլավազների» ով լինելը, այլ թե ովքեր են մեզ «քսի տվել», և ովքեր են կազմակերպիչները: Մեզ հետաքրքիր է, թե նրանց կապը ինչքանով է Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ: Մենք վստահ ենք, որ Փաշինյանի իրական հենարանը ոչ թե հեղափոխական դըմփդըմփարաններն են, այլ այս խուլիգանախմբերը, որոնք պատժիչ ջոկատներ են կազմում այլակարծության դեմ»,- ասաց «Ադեկվատ» հաղորդման հեղինակ Նարեկ Մալյանը:

 

Նա շնորհակալություն հայտնեց «այդ խուլիգանախմբին», որոնք բացահայտեցին այն, ինչի մասին իրենք իրենց հաղորդմանը խոսում են վեց ամիս: «Երեկվա «լայվը» ցույց տվեց մեր իշխանության դեմքը՝ ստի ու կեղծիքի իշխանության, այս երևույթը մենք անվանում ենք փաշիզմ՝ այլակարծության դեմ»,- ասաց Մալյանը:

Հաղորդման հեղինակ Նարեկ Մալյանը պատմեց մանրամասները, թե ինչու էին գնացել Մարալիկ, և նշեց, որ 10 օր առաջ ստացել են տեղեկություն համայնքապետարանի աշխատանքի վերաբերյալ, որը չի գործում, քանի որ մի խումբ մարդիկ՝ 15-20 հոգի, աչքի են ընկնում ոչ ադեկվատ վարքագծով, գրավել են համայնքապետարանի շենքը: Փոխարենը, ըստ նրա, հենց Փաշինյանի կողմից առաջարկվել է իրենց գործունեությունը տարբեր գյուղապետարաններում անցկացնեն: Իրենք էլ գնացել էին, ուղղակի մարդկանց հետ հանդիպել, զրուցել:

««Փաշիստ» ֆեյքերով գրում էին, որ ուզում են սպանել, մենք էլ գնացել էինք՝ տեսնելու, թե ովքեր են այդ խուլիգանախումբը»,- ասաց Մալյանը:

Հաղորդման հեղինակները գոհ են ոստիկանների աշխատանքից, քանի որ իրենց տարել են ոստիկանական բաժին, որպեսզի իրենց «կյանքին ու առողջությանը վտանգ չսպառի»:

«Այս ամենը կազմակերպված էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, հստակ ասում եմ, բայց  կազմակերպվածը իր հունով չգնաց, քանի որ «սատանի մայլեն քյանդրբազություն» էին ուզում անել»,- ասաց Մալյանը և նշեց, որ որոշակի փաստեր ունեն այդ մարդկանց կապի մասին իշխանության հետ:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին և իշխանությունների ինչին է պետք այս ամենը, հաղորդման հեղինակներից Արթուր Դանիելյանը նշեց, որ ենթադրում է՝ զուտ իրենց լռեցնելու համար:

«Իրենց պետք էր սադրել մեզ ինչ-որ քայլում, եկան ասացին, որ նենգափոխում ենք, մենք էլ առաջարկեցինք ուղիղ եթեր տալ, տեսան՝ չենք դիմակայելու, սադրանքի չենք գնալու, սկսեցին անշնորհք ձևով պահել:

Հարցին, թե այսինքն՝ իրենք այդքան մեծ ուժ են իրենցից ներկայացնում, որ իրենց դեմ պետք է իշխանական համակարգը գործեր, Նարեկ Մալյանը պատասխանեց. «Մեծ ուժ ենք, թե փոքր ուժ, դժվարանում եմ պատասխանել, փորձեցին մեզ սադրել, որպեսզի գործողություններ լինեին մեր դեմ, և իրավական պրոցես իրականացվեր»:

Արթուր Դանիելյանը նշեց, որ ինքը նախանշանները տեսնում է թե՛ խուլիգանության, թե՛ լրագրողական աշխատանքի խոչընդոտման, թե՛ ազատ տեղաշարժման, թե՛ իրավապահներին չենթարկվելու, ինչը ենթադրում է պատիժ 6-7 տարի:

«Իրավապահները ստիպված մեզ հեռացրին, և չեմ կարող ասել, թե ինչ ուղղությամբ կգնա գործը»,- ասաց նա:

Մալյանը հավելեց, որ իշխանությունների հետ կապը հաստատում է ոչ միայն Դավիթ Սանասարյանի այցը Մարալիկ, այլև մերձիշխանական իրավապաշտպանների հայտարարությունները, որոնք ողջունում էին կատարվածը.

«Իշխանության ծաղրածուները ոչ միայն չդատապարտեցին, այլ նաև ողջունում էին»,- ասաց նա:

Նարեկ Մալյանը վստահ է, որ գործն իրավական ընթացք կունենա, եթե քաղաքական ճնշումներ չլինեն:

«Ակնհայտ է, որ քաղաքական ճնշումներ լինելու են նախաքննող մարմնի վրա, նախադեպեր եղել են»,- ասաց նա:

https://www.tert.am/am/news/2018/10/12/adekvaD/2817323

Be the first to comment on "Մեր դեմ հարձակումը կազմակերպված էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց կազմակերպվածն իր հունով չգնաց. «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խումբ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ