fbpx

Ամեն տարի 500-ով ավելի աղջիկ երեխա է ծնվում, հղիություններն ընդհատվում են ավելի քիչ

 

Վիճակագրական վերջին տվյալները փաստում են, որ Հայաստանում որոշակիորեն վերականգնվում է նոր ծնվող երեխաների սեռերի բնականոն համամասնությունը, ինչի խախտումը հասնում էր մտահոգիչ չափերի. տղաների քանակը էապես գերազանցում էր աղջիկների քանակին: Այս պատկերի ձեւավորմանը մեծապես նպաստել էին հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումները, երբ ընտանիքներում համարում էին, որ աղջիկ երեխաները ցանկալի չեն, ու նրանք չպետք է լույս աշխարհ գան:

«Հայաստանում ընտանիքի պլանավորման առումով մտահոգիչ պատկերը զգալիորեն շտկվել է: 2000-ի համեմատ 2015-ին մեկ կնոջը միջին հաշվով բաժին ընկնող հղիությունների ընդհատման թիվը կրճատվել է 4 եւ ավելի անգամ: Վերջին 3 տարիներին դրական միտումը շարունակվում է: Հղիության` պտղի սեռով պայմանավորված ընդհատումների դեմ պայքարը եւս զգալի արդյունք է գրանցել. նորածին տղաների եւ աղջիկների համամասնության տարբերությունը կրճատվել է 5 միավորով: Վերջին 5 տարում ամեն տարի ծնվել է 500-ով ավելի աղջիկ երեխա»,- հայաստանյան վիճակագրության այս եւ այլ ուշագրավ ցուցանիշերը ներկայացրել է Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը՝ հոկտեմբերի 1-2-ին Ժնեւում անցկացված ժողովրդագրության հարցերով համաժողովում:

 

Հայաստանում սեռերի համամասնության լուրջ խախտման փաստը հանրային հնչեղություն ստացավ ու պետական գերատեսչությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2011 թվականի հետազոտությունից հետո, երբ պարզ դարձավ, որ մեր երկրում հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով նորածինների հարաբերակցությունը շեղվել է 1990-ականներից ի վեր՝ 2011 թվականին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Գյուղական համայնքներում՝ 124 տղա՝ 100 աղջիկա դիմաց: Այն դեպքում, երբ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել էր հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Իսկ առկա իրավիճակը համարվում էր լուրջ ժողովրդագրական սպառնալիք՝ կանխատեսվելով, որ դա հանգեցնելու է գենդերային խզման, եւ արգելակվելու է բնակչության աճը:

Սեռերի անհամամասնության կրճատումն արտացոլվում է նաեւ հանրակրթական ուսումնական հաստատությունների ցուցանիշներում: Յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 114 կամ 124 տղա պատկերն այստեղ արդեն չենք տեսնում՝ եզակի բացառություններով:

 

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վերջին տվյալների համաձայն, դպրոցներում սովորողների սեռային հարաբերակցությունն այսպիսին է. նախորդ ՝ 2017-2018 ուսումնական տարում օրինակ մայրաքաղաք Երեւանի դպրոցներում սովորել է 50 հազար 358 տղա եւ 45 հազար 462 աղջիկ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով տղաների թիվը գրեթե 111-ն է: Շիրակի մարզում եղել է 15 հազար 873 դպրոցական տղա եւ 14 հազար 173 աղջիկ: Այսինքն՝ մոտ 112 տղա՝ 100 աղջկա դիմաց: Արագածոտնի մարզում սեռերի տարբերության ցուցանիշն ավելի մեծ է՝ նախկինում վտանգավոր համարված շեմին ավելի մոտիկ: Այստեղ գործող հանրակրթական հաստատություններում նախորդ ուսումնական տարում սովորել է 7 հազար 868 տղա եւ 6 հազար 632 աղջիկ կամ յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 119 տղա: Այս տարբերությունն էապես մեծ է նաեւ Արմավիրի մարզում՝ 100-ական աղջիկ եւ 115-ական տղա: Տեղի դպրոցներում նույն ուսումնական տարվա ընթացքում կրթություն է ստացել 13 հազար 324 տղա եւ 11 հազար 589 աղջիկ: Սեռերի վերաբերյալ ցուցանիշների միջեւ առկա խզումը բավական փոքր է Տավուշի մարզում: Նախորդ ուստարում տեղի դպրոցներում սովորել է 8 հազար 250 տղա եւ 7 հազար 893 աղջիկ: Կամ, որ նույնն է, մոտ 105 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց:

Ինչ վերաբերում է հանրապետության ամբողջ աշակերտների սեռային համամասնության թվային պատկերին, ապա 2017-2018 ուսումնական տարում Հայաստանի բոլոր դպրոցներում սովորել է ընդհանուր առմամբ 174 հազար 944 տղա եւ 157 հազար 959 աղջիկ: Ցուցանիշների ընդհանուր բաշխվածության դեպքում ստացվում է մոտ 111 տղա՝ 100 աղջկա դիմաց: Այսինքն՝ 114-124 տղա՝ 100 աղջկա դիմաց ցուցանիշների համեմատությամբ նվազման միտումն ակնհայտ է, ինչը թերեւս թիրախավորված քարոզչական աշխատանքի արդյունք է:

http://www.armtimes.com/hy/article/145768

Be the first to comment on "Ամեն տարի 500-ով ավելի աղջիկ երեխա է ծնվում, հղիություններն ընդհատվում են ավելի քիչ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ