fbpx

Ալրաղացի Լյովիկի մութ անցյալը

 

նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, ներգրավվել է որպես մեղադրյալ 2008թ․ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործում հանցավոր համագործակցությանը մասնակցություն ունենալու համար։

Տարիներ անց նման աղմկահարույց բացահայտումն, իհարկե, պատահականության արդյունք չէր կարող լինել, որին անդրադարձել է «Հրապարակը»։ Ըստ թերթի աղբյուրների՝ Ալրաղացի Լյովիկի դեմ ցուցմունք է տվել ավազակային հարձակումն իրականացրած հանցավոր խմբի պարագլուխներից՝ Արայիկ Կարապետյանը՝ Կոշիկի Արոն։ Կարապետյանը դեռ 2011թ․դատապարտվել էր երկարաժամկետ՝ 15 տարի ազատազրկման։ Սակայն վերջին շրջանում նրա պատժի կրման «փակ տիպի» ռեժիմը փոխարինվել է «բաց տիպի»։ Ասել է թե պատիժը մեղմացվել է՝ Կոշիկի Արոն կարող է առավոտյան դուրս գալ կալանավայրից և վերադառնալ միայն երեկոյան։ Իրոք որ առանձնապես ծանր հանցագործությունների համար 15 տարի դատապարտված հանցագործի համար նման վերաբերմունքը մեծահոգություն է, որին հենց այնպես չեն արժանանում։

 

Ամենայն հավանականությամբ, Կոշիկի Արոյի այդ «սրտաբուխ խոստովանությունների» հիման վրա էլ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում խուզարկություններ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Հաշվի առնելով, որ դեռ վաղ ժամանակներում Ալրաղացի Լյովիկը համարվում էր նախկին կառավարությունների «մահակը», նման «ռազմամթերքի» առգրավվումը բոլորովին էլ զարմանալի չէ։ Լյովիկի սարսափազդու և արնախում անհատականության մասշտաբներին անդրադարձել են անգամ ռուսական լրատվամիջոցները։

Մասնավորապես «Moscow post»-ը Սարգսյանին անվանել է «ընդհատակյա գործողությունների վարպետ», ով իր թիկնապահների միջոցով կազմակերպել է հարձակումներ ընդդիմադիր լիդերների և այլախոհների վրա։ Այս համատեքստում թերթն առանձնացնում է 2004-ին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը, Աշոտ Մանուչարյանի դեմ մահափորձը և 2008թ․Լևոն Սարգսյանի հրամանով «Օդնակլասնիկի» սրճարանում 35-ամյա Անդրանիկ Բաբայանի սպանությունը։ Նման բեսպրեդելը, իհարկե, իր մեջ վտանգներ էր պարունակում, ուստի Սարգսյանի հովանավորյալները շտապեցին նրան հեռացնել Ազգային ժողովից, հետո՝ նաև իրենց շարքերից։

Վերջում միայն հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ Սարգսյանն արդեն տևական ժամանակ բացակայում է ՀՀ-ից։ Միանշանակ է՝ Ալրաղացի Լյովիկը իրավապահներին պատմելու շատ բան ունի իր կենսագրության մութ էջերից, միայն դեռ պետք է պարզել վերջինիս թաքնվելու վայրը:

Ալրաղացի Լյովիկի մութ անցյալը

Be the first to comment on "Ալրաղացի Լյովիկի մութ անցյալը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ