fbpx

Ռոբերտ Քոչարյանի խորհրդավոր գրավը. նոր մեղադրանք

 

Lragir.am-ը գրել է. Հատուկ Քննչական ծառայությունը հայտնում է, որ մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գեւորգյանին, Աբրահամյանին փաստացի պատկանող եւ Գեւորգյանի անունով գրանցված տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքի գործով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ավելի վաղ՝ օգոստոսի 11-ին, նույն գործի շրջանակում կալանավորվել էր Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: ԱԱԾ պետը դրանից առաջ հայտարարել էր, որ հնարավոր է այդ զենքը օգտագործվել է Մարտի 1-ին, որեւէ մեկի թիկնազորի միջոցով: Թե հատկապես ում թիկնազորի մասին կարող է խոսք լինել, ԱԱԾ պետը չէր ասել: Զենքի առկայության մասին, ըստ հաղորդագրության, օպերատիվ տեղեկություն էր ստացել ԱԱԾ-ն եւ իրականացրել տարածքի խուզարկություն: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե կապ չունի տարածքի ու զենքի հետ: Հովիկ Աբրահամյանինը համարվող տարածքում զենքի հայտնաբերման գործը ուշագրավ էր Ռոբերտ Քոչարյանի գործին զուգահեռ, եւ այդ իմաստով հատկանշական էր, որ Աբրահամյանի եղբորը կալանավորելուց երկու օր անց կալանքից ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը: Փաստորեն «սուրբ տեղը դատարկ» չմնաց, եւ Հովիկ Աբրահամյանի եղբայրը առերեւույթ դարձավ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման յուրօրինակ «գրավ»: Արդյո՞ք զուտ բովադակային առումով երկու զարգացումներն ունեին պատճառահետեւանքային կապ, թե ոչ, սակայն ներկայում փաստորեն Հովիկ Աբրահամյանն է գործի «աքցանում» գտնվող ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը պաշտոնավարում էր Մարտի 1-ին: Ռոբերտ Քոչարյանը շարունակում է լինել մեղադրյալի կարգավիճակում, բայց ազատության մեջ է: Խաչատուրովը նույնիսկ հեռացել է Հայաստանից, Միքայել Հարությունյանը հետախուզվում է, եւ Հովիկ Աբրահամյանի եղբայրը փաստորեն կալանքի տակ գտնվող «ամենախոշոր» սուբյեկտն է: Աբրահամյանի անունը կար Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի հրապարակած հայտնի ցուցակում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների անուններ էին, որոնք ըստ տեղեկության զենք եւ իրավապահների հանդերձանք էին ստացել ու ներգրավվել ուժային գործողությանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այդ ցանկում էին Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանի համհարզ Վաչիկ Ղազարյանը, որը կալանավորված է այժմ այլ քրգործով, Լիսկան, Շմայսը, Ալրաղացի Լյովը, Թոխմախի Մհերը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը եւ Հովիկ Աբրահամյանի խնամին՝ Գագիկ Ծառուկյանը: Օգոստոսի 17-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջապես բացահայտված է: Առայժմ իհարկե հանրության համար տեսանելի չեն վարչապետի հայտարարությունը հավաստիացնող փաստերը, թե ինչի հիման վրա է Նիկոլ Փաշինյանն արել այդ հայտարարությունը: Թե՞ իրավապահները բացահայտել են սխեման, իսկ ահա ապացույցները դեռ ձեռք բերված չեն, որոնք թույլ կտան գործը տանել դատարան: Օգոստոսի 20-ին իրավապահները խուզարկություն են արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում: Ինչու՞ են իրավապահները եւ վարչապետը անում հնչեղ հայտարարություններ, որոնք սակայն առայժմ չեն ուղեկցվում նույնքան հնչեղ ապացույցներով, որովհետեւ գործնականում միակ նոր «ապացույցը» Հովիկ Աբրահամյանին վերագրվող զինանոցն է: Թե՞ ապացույցները կան, բայց դրանց չհրապարակայնացումը օգնում է ներհամակարգային նշանակությանը, երբ դրանց միջոցով հնարավոր է ստանալ իշխող համակարգի «անմատչելի» թվացող այլ նշանակության եւ գործածության «կոդեր»: Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

https://yelaket.am/?p=42082&l=am

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանի խորհրդավոր գրավը. նոր մեղադրանք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ